ԲՀԿ-ականների մի մասը չգիտի` ինչպես է քվեարկելու Կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին
Շուրջ երեք ամիս է` ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ հանդիպումներ են անցկացնում, քննարկում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, մշակում «ճանապարհային քարտեզ», ինչի արդյունքում վերջապես որոշել են` ապրիլի 28-ի ԱԺ քառօրյա նիստում հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Քառյակի առանցքային դերակատարներից մեկը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ այս ընթացքում հանդիպումների շարք է անցկացրել քառյակի երեք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ավելի ճիշտ` բացառությամբ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, մյուսները գնացել են նրա մոտ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ` երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացն այլընտրանք չունի:
«Կարծում եմ, որ այդ անվստահության միամսյակ այսօրվանից սկսում է գործել»,- ասել է նա:
ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ ևս վերջին շաբաթներին խոսում են օր առաջ կառավարությանն անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին: Այս հանգամանքները հաշվի առնելով` կարելի էր ենթադրել, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու իրենց առաջնորդ Գ. Ծառուկյանի բարձր հովանու ներքո մշակվող կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Բայց պարզվում է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից շատերի համար կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը դեռ քննարկելի գործընթաց է:
Համենայնդեպս, մեզ հետ զրույցում ԲՀԿ-ի, այսպես ասած, գործարար թևը ներկայացնող պատգամավորներն` ի պատասխան մեր հարցի` ինչպե՞ս են քվեարկելու կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, տարբեր կերպ էին արձագանքում. շատերն ասում են, որ հարցը դեռ չի քննարկվել, մյուսներն էլ` նշում, որ քվեարկելու են այնպես, ինչպես կորոշի խմբակցությունը:
ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, պատասխանեց. «Բնականաբար, այնպես, ինչպես մեր խմբակցությունը և, բնականաբար, որոշել ենք, որ կողմ ենք քվեարկելու, ես էլ…»:
Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր` Վահան Կարապետյանն էլ` ի պատասխան մեր նույն հարցի, ասաց. «Կքննարկենք, կքվեարկենք»:
Մեր ճշտող հարցին, թե` որոշում չունե՞ք, նա պատասխանեց. «Չէ»:
Կրկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը ևս նույն կերպ պատասխանեց. խմբակցությունը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
«Մենք չենք քննարկել դեռ այս հարցը, չենք որոշել»,- ասաց նա:
Մարտուն Գրիգորյանն էլ նշեց, թե ինքը կքվեարկի այնպես, ինչպես կորոշի խմբակցությունը: «Ինչ որոշի խմբակցությունը, նա էլ անելու ենք»,- վստահեցրեց պատգամավորը:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Ավետիսյանը, ասաց, թե կուսակցությունը որոշել է` ինչպես քվեարկել, բայց փակագծերը չբացեց` հորդորելով սպասել մինչև ապրիլի 28-ը:
«Ես քվեարկելու եմ այնպես, ոնց կորոշի մեր կուսակցության քաղխորհուրդը: Որոշում կա` դա կիմանաք ամսի 28-ին»,- նշեց Ավետիսյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետրոսյանն էլ կրկնեց նույնը. «Կքվեարկեմ այնպես, ինչպես կքվեարկի մեր կուսակցությունը, իսկ դուք գիտեք մեր կուսակցության դիրքորոշումը»:
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հայկ Խաչատրյանն էլ, լսելով մեր հարցը` ինչպե՞ս եք քվեարկելու կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին, սկզբում վստահ պատախանեց. «Դեմ», ապա փոխեց իր դիրքորոշումը. «Կողմ: Կողմ եմ ես»: Երբ ճշտեցինք, թե ո՞րն է վերջնական դիրքորոշումը` կո՞ղմ, թե՞ դեմ, նա պատասխանեց. «Կողմ»:
ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանն էլ, լսելով մեր հարցը, ասաց, որ չի ցանկանում պատասխանել դրան: «Դա էլ իմ իրավունքն է, չեմ պատասխանում»,- հայտարարեց նա:
Ի դեպ, առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ապրիլի 28-ի նիստին ԲՀԿ առաջնորդ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմասնակցի, թե՞ ոչ: «Գագիկ Ծառուկյանն այս պահին Հայաստանում չի գտնվում, այնպես որ, ես իր գրաֆիկի հետ կապված տեղեկատվություն չունեմ: Այս պահին, այո, չեմ կարող ասել, քանի որ պարոն Ծառուկյանը մասնավոր այցով գտնվում է արտերկրում»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակը` Իվետա Տոնոյանը: