Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանի գնահատականը անխոհեմ քայլ է և սխալ

Սերժ Սարգսյանի գնահատականը Ղրիմի հանրաքվեին անխոհեմ քայլ էր: Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով կազմակերպված քննարկմանը այսպիսի հայտարարություն արեց կենտրոնի հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այսօր` մարտի 27-ին,  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քննարկվելու է Ղրիմի մասին բանաձևը, որին, ինչպես հայտարարել է արտգործնախարարությունը, Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու: Ըստ նրա` Ղրիմն ապառազմականացնելու առաջարկը, որը կար բանաձևում, սակայն վերջին պահին հանվեց, կարող էր նպաստել իրավիճակի լիցքաթափմանը:

«Այո´, Ղրիմի շուրջ հակասությունները պետք է լուծվեն խաղաղ, իրավական և բանակցային ճանապարհով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով` Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, գործող նախագահը կեղծել է անցյալ տարվա ընտրությունները, որոնք ճանաչել են բոլորը` Արևմուտքից մինչև Ռուսաստան և Ուկրաինա, և «Ղրիմում 2014 թ. մարտի 16-ին անցկացված գործողությանը Սերժ Սարգսյանի տված գնահատականը անխոհեմ քայլ է և սխալ»:

Կարդացեք նաև

«Ղրիմի թերակղզին վերցնելու ուղղությամբ քայլերը` այն էլ առանց ՀԱՊԿ անդամ Հայաստանի համաձայնության կամ մասնակցության, մեր կարծքիով` արտացոլում են ժամանակավրեպ մտածողություն և գործելաոճ: Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերջ տալ աչքակապությանը, միջազգային իրավունքի գերակա սկզբունքները չշփոթել դրանց նենգափոխումների հետ և ցուցաբերել անկախ պետությանը վայել կեեցվածք: Ի հեճուկս ադրբեջանական ակտիվ քարոզչության, հատկապես Արևմուտքում,  Ղրիմի և Արցախի միջև որևէ աղերս չկա: Բացի այդ`եթե որևէ օտար ուժ ապագայում փորձի բռնակցել իրեն, այդ դեպքում կարող ենք խոսել նմանությունների մասին: Բայց պահը եկել է, որ բոլորը` Հայաստանի Հանրապետությունից սկսյալ , ճանաչեն ԼՂՀ-ն` իր տարածքային ամբողջականությամբ, և թող ոչ ոք չարդարացնի, եթե ապագայում փորձի բռնակցել Արցախը»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս