Վահրամ Ավանեսյան. Չափերը պետք է պահպանել, չի կարելի աթոռի վրա կոշիկներով կանգնել ու գոռալ

Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե իսկապես պատրա՞ստ եք խմել այն գետի ջուրը, որը ակտիվիստները տարել էին երեկվա կոնֆերանսին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ասաց.

«Ճիշտն ասած՝ ես մտածեցի, որ խմելու ջրի մասին է խոսքը գնում, բայց հետո հասկացա, որ չէ՝ գետի ջուր է ու, ճիշտն ասած՝ դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմել»:

Դիտարկմանը, թե Դուք հոտ էիք առնում բաժակով ջրից, նախարարն այսպես արձագանքեց. «Հա, ուզում էի հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը, լինում է, որ հոտ է լինում, դե ես մասնագետ չեմ»:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի սպառնալիքին, ով, ինչպես հայտնի է՝ ակտիվիստին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ ձեռք կդնեմ», Վ. Ավանեսյանը պատասխանեց. «Ինձ զայրացնում է ընդհանրապես ցանկացած ոչ ադեկվատ գործողություն, որը տվյալ դեպքում ոչ թե իմ գործընկերոջն էր վերաբերում: Ես կարծում եմ, որ եթե ձեզնից որևէ մեկը հայտնվեր այդ վիճակում՝ շատ ավելի սառնասիրտ կգտնվեր: Դա ուղղակի անտանելի էր»:

Դիտարկումը, թե Դուք սառնասիրտ գտնվեցիք, նման սպառնալիքներ չհնչեցրիք, նախարարը շրջանցեց՝ նշելով. «Խոսքը վերաբերում է նրան, որ, այո՛, պետք է լինի հանրության կարծիքը, բայց չափերը պետք է պահպանել, չի կարելի աթոռի վրա կոշիկներով կանգնել ու գոռալ ամբողջ կոնֆերանսի ընթացքում»:

Հարցին՝ արդյոք դրա համար պե՞տք էր սպառնալ, նախարարը հեռանալով պատասխանեց. «Լավ էլի…»:

Տեսանյութեր

Լրահոս