Մոսկվան կտապալի՞ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը կիրակի օրը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները, նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանի հետ քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Այս այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 24-25-ին մասնակցում էր Հաագայում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին և այդ հանդիպումները դրական գնահատել, Twitter-ի իր էջում գրել էր, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել, և ճշտվում է հանդիպման հնարավոր ժամկետը: Մի պահ, կարծես, տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե համանախագահները ծրագրում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել մարտի 24-25-ին՝ Հաագայի միջուկային անվտանգության վեհաժողովի շրջանակներում:

«Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:Միասին աշխատելով՝ տևական խաղաղությունը հնարավոր է»,- Twitter-ի իր էջում գրել էր Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կայացած հանդիպմանը:

Նա նաև մեկ այլ գրառում է կատարել. «Ինձ ուղղեցին այսօր՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Եվ, այնուամենայնիվ, մենք խնդրի խաղաղ լուծում ենք ցանկանում բոլոր կողմերի համար»: Իմիջիայլոց, ամերիկացի համանախագահի նշյալ ուղղումը Ադրբեջանում մեծ դժգոհություն է առաջացրել: Ըստ Panorama.am-ի` Ադրբեջանի նախկին նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեն, օրինակ, հայտարարել է, թե պետք է Ուորլիքին «վռնդել» ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությունից:

Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հաագայում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: «Երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնությունը կայացվել է:

Հանդիպման ժամկետները դեռ կքննարկվեն»,- Twitter-ի իր էջում գրել է դեսպան Ուորլիքը` հույս հայտնելով, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բաց լինեն կառուցողական երկխոսության համար, նրանք կկարողանան հարատև խաղաղության ճանապարհը գտնել:

Ուկրաինական իրադարձությունների համատեքստում ավելի վաղ Ուորլիքն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նշել էր, թե անհրաժեշտ է փորձել հասկանալ՝ ի՞նչ դասեր քաղել Ուկրաինայի իրադարձություններից` «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար»:

Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գրառումների ժամանակագրությանը հետևելով՝ կարելի է եզրակացնել, որ համանախագահներն, այնուամենայնիվ, որոշակի հույս ունեցել են նախագահների ֆորմատով հանդիպում կազմակերպելու համար, դրա համար նրանք մեկնել են այդ ճամփորդությանը: Համենայնդեպս, ամերիկացի համանախագահի թվիթերյան գրառումներից նման տպավորություն էր ստեղծվում վերջին օրերին:

Սակայն երեկ պարզվեց, որ կարգավորման գործընթացում շահագրգիռ կողմերը պետք է սահմանափակվեն այսքանով` նախագահների հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնությունը կայացվել է, հանդիպման ժամկետները դեռ կքննարկվեն…
Ռուս-ուկրաինական ճգնաժամի, ապա նաև` Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում ընդգծված լարվածությունը կարող է անդրադառնալ նաև Ղարաբաղյան կարգավորման՝ առանց այն էլ էական առաջընթացներ չարձանագրող, ձգձգվող գործընթացի վրա:

Վերջին ամիսներին ամերիկացի համանախագահի ակտիվությունը վկայում է այն մասին, որ պաշտոնական Վաշինգտոնը կարգավորման գործընթացում առաջնային դեր ստանձնելու որոշակի քայլեր է իրականացնում` նպատակ ունենալով կարգավորման գործընթացում բարձրացնել Վաշինգտոնի հեղինակությունը: Իսկ Ուորլիքը, տպավորություն է ստեղծվում, Մինսկի խմբում միայնակ գործելու իր մարտավարությունը չի էլ ցանկանում թաքցնել:

Այսօր Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում պաշտոնական Մոսկվան, որը ձգտում է բոլոր ձևաչափերում «հակահարված» հասցնել Արևմուտքին` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների համատեքստում, կարող է հեշտությամբ տապալել նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջնորդական քայլերը:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս