Բաժիններ՝

Արա Հարությունյանը այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ

Մարտի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի երկու համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարությունից:

Ճարտարի համայնքներում ներկայացվել են բնակչության զբաղվածության աստիճանն ու կառուցվածքը: Գյուղատնտեսությունից բացի, տեղի բնակչությունը աշխատում է գյուղում գործող ձեռնարկություններում և պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում: Գյուղատնտեսական ավանդական ճյուղերից է խաղողագործությունը և հացահատիկի մշակումը: Գյուղում գործում են մեկ ավագ, երկու իննամյա և մեկ արվեստի դպրոցներ: Վերջերս սկսվել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը: Կառավարության և գյուղի բարեգործների ֆինանսավորմամբ ընթանում են ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք, ըստ վարչապետի, ամբողջությամբ կավարտվեն մոտ երեք տարվա ընթացքում: Գյուղի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնվել է շտապ օգնության կայան, ինչպես նաև իրագործվել են մի շարք սոցիալական ու շինարարական աշխատանքներ:

Շեշտադրելով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն առկա են Ճարտարում՝ կառավարության ղեկավարն առանձնացրեց երկու հիմնական խնդիր. առաջին հերթին, ըստ Ա. Հարությունյանի, պետք է մտածել նոր աշխատատեղեր ստեղծելու մասին: Նա տեղեկացրեց, որ բանակցություններ են տարվում գյուղի բարերարների հետ, որպեսզի նրանց ռեսուրսներն ուղղվեն ոչ միայն բարեգործական, այլ նաև ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Որպես երկրորդ մարտահրավեր, որը վերաբերում է ողջ հանրապետությանը, վարչապետը մատնանշեց աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նշանակալի բարելավում է կատարվելու հուլիսի մեկից: Ա. Հարությունյանի խոսքով՝ պետական սեկտորում աշխատավարձերի բարձրացումը միանշանակորեն ազդեցություն կունենա մասնավոր սեկտորի աշխատավարձերի վրա՝ ուղղակիորեն բարելավելով բնակչության կենսամակարդակը: Գյուղերի զարգացման ճանապարհին նա կարևորեց հատկապես գյուղատնտեսության ոլորտի մարդկանց աշխատավարձերի բարձրացումը:

Կարդացեք նաև

Վարչապետն այցելել է Ճարտարում վերջերս բացված՝ Ստեփանակերտի գորգագործարանի մասնաճյուղ՝ ծանոթանալու դրա աշխատանքներին: Նա կարևորել է այդ ձեռնարկության բացումը գյուղի տնտեսական ակտիվության ապահովման գործում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս