Բանավեճ Հրանտ Բագրատյանի և Արման Սահակյանի միջև

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հավաստիացնում է՝ իրենց կողմից ներկայացված «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի նախագծում հակասություններ չկան: Այսօր նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ Արման Սահակյանը հայտարարեց, որ իրենց ցանկանում են ընդամենը կանոնակարգել ոլորտը, որպեսզի «կոպեկներով ու ջրի գնով» չմասնավորեցվի կամ օտարվի պետական գույքը։ Արման Սահակյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները փորձ են անում խեղաթյուրել բուն օրենքի նախագծի բովանդակությունը, այն է՝ կանոնակարգել ոչ միայն պետական գույքի տիրապետման և օգտագործման, այլև տնօրինման հարցը

«Գագիկ Ջհանգիրյանը գտնում է, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ Կառավարությանը վերապահված է պետական սեփականության կառավարման լիազորությունը, բայց ոչ թե պետական սեփականության ճակատագիրը որոշելու տնօրինելու իրավունքը, քանի որ պետական սեփականության տնօրինման իրավունքն, ըստ Քաղաքացիական օրենսգրքի 163 հոդված առաջին կետի՝ պատկանում է նրա սեփականատիրոջը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց նա:

Արման Սահակյանը հավելեց, որ Սահմանադրության 89-րդ հոդվածի 8-րդ դրույթից և Քաղաքացիական օրենսգրքի տաբեր սահմանումներից պարզ է դառնում, որ պետական սեփականության իրավունքները, ներառյալ՝ տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավունքներն իրացվում են Հայաստանի Հանրապետության անունից, պետական մարմինների կողմից։

Նա նշեց, որ այս պարագայում իրենք գտնում են, որ ներկայացված նախագիծը հակասություններ չունի ՀՀ սահմանադրության և այլ օրենքների հետ:

Դիմելով նախկինում իշխանության մաս կազմող պատգամավորներին, նա հետաքրքրվեց. «Իսկ ո՞վ էր խանգարում ձեզ այն ժամանակ, որպեսզի այս ոլորտը բերեիք ու կանոնակարգեիք։ Հիմա մենք ընդամենը փորձում ենք կանոնակարգել ոլորտը. այս 3000 խոշոր ձեռնարկություններում, 10 հազար փոքր օբյեկտներում, որոնք ժամանակին կոպեկներով ու ջրի գնով մասնավորեցվել կամ օտարվել են, այդ ժամանակ աշխատում էին մարդիկ, ովքեր այսօր դահլիճում նստած են»։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ տեղից արձագանքեց՝ ընդվզելով Ա. Սահակյանի հայտարարւոյթուններին, ինչին ի պատասխան Ա. Սահակյանն ասաց. «Պարոն Բագրատյան, այդ զավեշտը հենց վերաբերվում է այդ ժամանակվա կառավարությանը»։

Հրանտ Բագրատյանը շարունակեց տեղից խոսել, սակայն նրա խոսքը այդպես էլ լսելի չդարձավ, բայց Արման Սահակյանի արձագանքից պարզ դարձավ, որ պատգամավորի խոսքը վերաբերում էր պատմական էքսկուրսներին և Նապոլեոնին։

«Ես ասում եմ, որ այդ պատմական էքսկուրսը կապված Նապոլեոնի հետ… այսօր մենք հյուրընկալել ենք 94 ավագ դպրոցի աշակերտներին. կարծում եմ՝ նրանց համար շատ կարևոր էքսկուրս էր»,- ասաց Ա. Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս