Քեսապցի տեղահանվածներին շուտափույթ օգնություն է անհրաժեշտ. civilnet.am
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասից երեք քահանա է ուղարկել Լաթաքիա, որպեսզի նրանք տեղում իրականացնեն քեսապցի տեղահանված ընտանիքների կարիքների և իրավիճակի գնահատումը: Այս մասին ՍիվիլՆեթին հեռախոսազրույցում տեղեկացրեց Լիբանանի «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանը:
Օհանյանի խոսքով՝ Հալեպի շտապ օգնության մարմինը Լաթաքիայում ենթակոմիտե է ստեղծել իրենց տները լքած Քեսապի հայերի համար: Նախնական գնահատականներով՝ Լաթաքիայում ներկայում Քեսապից 600 ընտանիք կա, որոնց մի մասը հանգրվանել է բարեկամների մոտ, մյուսները՝ տեղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հայ առաքելական եկեղեցու քահանա Հայր Միրոն Ավետիսյանը և Հայ ավետարանչական եկեղեցու գերապատվելի Սևակ Թրաշյանը տեղեկացրել են, որ ֆինանսական շուտափույթ օգնության անհրաժեշտություն կա:
Սերոբ Օհանյանի խոսքով՝ հայ ընտանիքներից շատերը, որոնք հարձակման հենց սկզբում են փախել Քեսապից, ամբողջովին անպատրաստ են եկել, և նրանցից ոմանք անգամ անձնագրեր կամ նույնականացման փաստաթղթերը չեն հասցրել վերցնել իրենց հետ: «Կարագյոզյան» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ Հալեպի շտապ օգնության մարմինը ամեն ջանք գործադրում է հայ տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան արդեն Քեսապի հայ բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր Լաթաքիա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: