Սերժ Սարգսյան․ «Ուկրաինացիները մեր եղբայրներն են». «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մշակույթի գործիչներին մրցանակների հանձնման արարողության ժամանակ անդրադարձել է Ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովայի՝ մրցանակաբաշխությանը մասնակցելուց հրաժարվելուն փաստին:
«Այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել եմ նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ մրցանակը, և իր ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական միջոցառումների՝ այն կրկնապատկելով Նախագահի հիմնադրամից», – նշել է Սերժ Սարգսյանը:
«Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և ռեժիսոր Ֆետիսովան Կիևից երկլեզու՝ ռուսերենով և անգլերենով բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում նշում է, թե պայմանավորված Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի առաջնորդի արտահայտած դիրքորոշմամբ՝ իր մասնակցությունն այդ մրցանակաբաշխությանը անհնար է, իսկ իր դրամական պարգևը խնդրում է փոխանցել հայ որբ երեխաների կարիքները հոգալու համար:
«Հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, ուզում եմ դիմել և հարգարժան տիկնոջը, և Ուկրաինայի ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր, Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի կռվել ենք միասին զավթիչների դեմ, մենք հազարավոր փառավոր էջեր ունենք պատմության, այդպես եղել է, և այդպես էլ շարունակվելու է: Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը կայանում է նաև նրանում, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստականում է, տարընկալումները վերանում են և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են, այնպես որ, խնդրում եմ գործընկերներին մրցանակը փոխանցել տիկնոջը», – հավելել է Սերժ Սարգսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: