Երգը կհաղթի՞ քաղաքականությանը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Եվրատեսիլ–2014»–ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն երեկ հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։
Արամը, խոսելով երգի մասին, որը կոչվում է «Not Alone» («Դու մենակ չես»), ասաց, որ երգն ունի սկիզբ, զարգացում, զարգացման լուծում և ավարտ։ Նշենք, որ երգի խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, իսկ երաժշտությունը գրել է հենց ինքը՝ Արամ MP3–ն։
«Մի քիչ ֆիլմի նման է և ավելի շատ մարդու հոգեկան աշխարհին է դիպչում»,–ասաց նա և ավելացրեց, որ այն արձագանքները, որ ստանում են Եվրոպայից, դեռևս միայն դրական են։
Մեր դիտարկմանը, թե երգը յուրահատուկ է իր կրկներգ չունենալու և ոչ ստանդարտ կառուցվածքով, սակայն արդյոք այս իմաստով ռիսկային չէ՞ նման երգ ներկայացնելը, Արամ MP3-ն ասաց. «Ճիշտն ասած՝ մենք առաջինը չենք, որ նման ոճի երգ ենք ստեղծում, խոսքը կառուցվածքի մասին է, աշխարհում կան բազմաթիվ համաշխարհային հիթեր, որոնք ունեն հենց այդպիսի կառուցվածք, եթե խոսքը գնար պարային երգի մասին, գուցե ես Ձեզ հետ համաձայն լինեի, որովհետեւ պարային երգում միշտ ստանդարտ գրվում է տուն-կրկներգ. տուն-կրկներգ, երրորդ ձև, այնուհետև՞ գործիքավորման մի փոքր հատված, որից հետո՝ կրկներգ, կրկներգ, իսկ մեր դեպքում մենք ավելի շատ կպնում ենք մարդու հոգեկան աշխարհին, իսկ հոգեկան աշխարհը, գիտեք, կամաց-կամաց զարգանում, բռնկվում է, և ամենավերջում ունենում ենք հանգստություն, ինչը փորձել ենք ցույց տալ մեր տեսահոլովակում»։
Մեր մյուս հարցին, թե միշտ փորձել ենք Եվրատեսիլին ներկայանալ մեր հայկական ազգայինը ներկայացնող որևէ երգով, որտեղ անպայման հնչում են դհոլ, զուռնա, դուդուկ և այլն, ի՞նչն ստիպեց այս անգամ լրիվ այլ ոճում՝ առանց հայկական տարրերի երգով ներկայանալ, «Եվրատեսիլ–2014»-ի հայաստանյան մասնակիցն ասաց, որ այս երգի մեջ իսկապես տեղ չկար հայկական գործիքների, որովհետև երգը չէր համապատասխանում դրան.

«Բայց երգի սկզբի մասում մենք օգտագործել ենք հայկական մեղեդի, այսինքն՝ երգի սկզբի մասը մոտ է հայկական ժողովրդական լադային տոնացիոն մտածողությանը, որտեղ առկա են մաժոր-մինորային խաղիկներ, այսինքն՝ սկզբի դաշնամուրային հատվածը հայկական երաժշտություն է, որով և փորձել ենք ցույց տալ մի փոքր հայկական էլեմենտ»։

Իսկ թե արդյո՞ք այս անգամ երգը կհաղթի քաղաքականությանը,« Արամ MP3-ն ասաց, որ, նախ, սա երգի մրցույթ է, և ինքը դեռ չի մտել Եվրատեսիլի քաղաքական դաշտ, իսկ զուտ արվեստի տեսանկյունից կարող է ասել, որ իր կարծիքով, լավ երգն այս տարի կհաղթի։

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս