Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կարող է փոխել նոր անդամների ընդունելու կարգը՝ կապված Ղրիմի դեպքերի հետ. Ռասմուսեն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Վաշինգտոնում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի փոխել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ (ՀՀՊ) ծավալելու վերաբերյալ իր պլանները.

«Չի լինի որևէ փոփոխություն՝ կապված ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի, այդ թվում նաև Ռումինիայում ու Լեհաստանում, ծավալման ժամկետի հետ: Լիակատար ծածկույթը կապահովվի մինչև 2018 թվականը»: Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ.

«Ռուսաստանի ռազմավարությունը կայանում է տարածաշրջանն ապակայունացնելում: Եթե դուք նայեք տարածաշրջանին, ապա սառեցված հակամարտություններ կտեսնեք Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում:

Երբ նայում եմ իրավիճակի զարգացմանը, ապա հարկադրաբար հարց է առաջանում. Ռուսաստանը մեր գործընկե՞րն է, թե՞ մրցակիցը: Մենք կասեցրել ենք Ռուսաստանի հետ գործնական համագործակցությունը, սակայն բաց ենք թողել կապ հաստատելու միջոցները: Կարևոր է ճգնաժամի ժամանակ երկխոսություն պահպանելը»:

Ռասմուսենի խոսքերով՝ Ուկրաինայի դեպքերը կարող են փոխել նոր անդամներին ընդունելու հարցում ՆԱՏՕ-ի մոտեցումը: Ռասմուսենը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ակտիվորեն ձգտում են Բոսնիա-Հերցեգովինան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն ու Վրաստանը:

Ռասմուսենն ընդգծել է, որ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կմղեն իրենց ռազմական բյուջեները մեծացնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս