Ալեքսանդր Իսկանդարյան. Ես ՀՀԿ-ում խելագարներ չեմ տեսել

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կառավարությանն անվստահության պահանջ ներկայացնող ոչ իշխանական ուժերին հորդորում է թվաբանությամբ զբաղվել՝ հաշվել իրենց և իշխող մեծամասնության պատգամավորների համամասնությունը Ազգային ժողովում:

«Դպրոցի երկրորդ դասարանում ինձ մաթեմատիկա էին սովորեցնում և ես կարողանում եմ հաշվել, որ նրանց միավորումը իմաստ չունի, ոչինչ չի տա՝ քիչ են: Կառավարության հրաժարականին հասնելու համար ոչ իշխանական ուժերը չունեն ռեսուրսներ՝ ի տարբերություն Հանրապետականների, որոնք առանց կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի էլ կարող են իրենց ցանկացած որոշումն անցկացնել: Համախմբվե՞ն, թե՞ ոչ, դա իշխանությունների վրա չի ազդի: Ես մաթեմատիկա գիտեմ ու հաշվում եմ, որ ՀՀԿ-ՕԵԿ-ական թվով 77 պատգամավորները շատ են ոչ իշխանական 54 պատգամավորից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մեր հիշեցմանը, թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ կգտնվեն ՀՀԿ-ական պատգամավորներ, ովքեր կմիանան իրենց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում, Ալ. Իսկանդարյանը զարմացած արձագանքեց. «Բայց դա նրանց (ՀՀԿ-ականների,- հեղ.) ինչի՞ն է պետք… ես ՀՀԿ-ում խելագարներ չեմ տեսել: Դուք կարծում եք, որ նրանք նման քայլի դիմելու համար մոտիվացիա ունե՞ն, ես այդպես չեմ կարծում: Նախագահական ընտրությունների ժամանակ մենք նման դեպք ունեցանք, իհարկե, ոչ թե քաղաքական ուժերի համախմբման փորձ, այլ՝ ընդդիմադիր էլեկտորատի միասնության, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում հավաքեց 37 տոկոս ձայն, բայց ի՞նչ: Երկու ամիս անց ՏիՄ ընտրություններում նա հավաքեց 8 տոկոս, ուստի ես չունեմ ոչ մի հիմք՝ հավատալու, որ այդ ուժերի համախմբումը կարող է կառավարության հրաժարականի պատճառ դառնալ»:

Կառավարության անվստահության կամ ամբողջական իշխանափոխության շուրջ ոչ իշխանական ուժերի քայլերը, քաղաքագետը գնահատեց որպես ցանկություններ, ապա նշեց. «Խոսակցություն է ցանկությունների մասին, դե հիմա ես էլ շատ բան եմ ուզում, ուզում եմ թռչել առանց ինքնաթիռի՝ թևերով, բայց չեմ կարող, չէ՞»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով, եթե ԲՀԿ-ն կամ ցանկացած այլ կուսակցություն ոչ թե ընտրություններից ընտրություն ակտիվանան, այլ՝ ստեղծեն հզոր քաղաքական ուժ, ապահովեն մարդկային, ֆինանսական բազա, մասնակցեն ընտրություններին, նման խոսակցությունները տեղին կլինեն: «Հակառակ դեպքում ալեկոծություններ անել խորհրդարանում, փոքրամասնությամբ մեծ բաների ձգտել՝ անլուրջ է: Սպասել, թե ՀՀԿ-ականները կթողնեն իրենց բիզնեսը, գործերը, գործարանները, կվազեն ԲՀԿ-ի մոտ՝ էլի անլուրջ է: Կներեք, ես հումորիստ չեմ, քաղաքագետ եմ»,- ասաց նա:

Դիմելով ոչ իշխանական ուժերին, Ալեքսանդր Իսկանդարյանը հորդորեց՝ հեղափոխություն անելու փոխարեն ծրագիր պատրաստել. «Թե չէ այնպես չէ,որ վատ տղաներին փոխես լավ տղաներով բոլորը երջանիկ կդառնան, ո՛չ: Հայաստանում բազմաթիվ անգամներ մարդիկ փոխել են իրենց տեղերը ուրիշների հետ, բայց ոչինչ չի փոխվել: Այնպես չէ, որ եթե այս կոռումպացված ու վատ վիճակում Գագիկ Ծառուկյանը գա իշխանության, Հայաստանը կդառնա Շվեյցարիա: Ոչ, նա պետք է գա ծրագրով: Պետք է ոչ թե հիստերիկա սարքել, այլ՝ աշխատել»:

Մեր հարցին՝ արդյոք ոչ իշխանական չորս ուժերի առանցքային այլընտրանքային ուժ ԲՀԿ-ն դարձե՞լ է ընդդիմություն, քաղաքագետը պատասխանեց, թե իր կարծիքով՝ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է: «Կարծում եմ, որ Հայաստանում ընդդիմություններ կան, որոնցից մեկը, այո, ԲՀԿ-ն է: ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չէ, իշխանության մեջ տեղեր չունի, մրցունակ է»,- նշեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս