ԼՂՀ վարչապետ. «Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան և Հրվ. Օսիան, Կոսովոն»
«Մենք շարունակում ենք աշխատանքները, քաղաքական կոնսուլտացիաները Արցախի ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա եւ միջազգային հանրությունը կճանաչի եւ Արցախի ինքնորոշումը, եւ նրա անկախ պետականությունը»,- karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում պատասխանելով գյուղացիների այն հարցերին, թե ինչու Ղրիմը կարող է հանրաքվեով միանալ Ռուսաստանին, իսկ ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվում, եւ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
«Մենք ողջունում ենք բոլորի ինքնորոշումը: Կարճաժամկետ տիրույթում ճանաչումը գուցե ավելի կարեւոր է մյուսների համար, բայց Արցախի ընտրած ճանապարհն ավելի ճիշտ է,-ասել է Արա Հարությունյանը: Այս փուլում, ըստ ԼՂՀ վարչապետի, ճանաչել-չճանաչելու հարցն այնքան էլ կարեւոր չէ, առավել կարեւոր է «ճիշտ պետական շինարարությունը, ճիշտ երկիր կառուցելը»:
ԼՂՀ վարչապետը կարծում է, որ Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հրվ. Օսիան, Կոսովոն: «Ստանդարտները երկակի չեն, բազմակի են, եւ դա շահեկան վիճակում է դնում Արցախին: Պետք է մտածենք մեր երկրի զարգացման մասին,-ասել է Արա Հարությունյանը լրացնելով,- Այսօր ամենակարեւոր գործոնը ուժի գործոնն է: Արցախի այսօրվա ստատուս-քվոն եւ զարգացումները պայմանավորված են բանակի մարտունակությամբ եւ երկրի տնտեսական զարգացմամբ: Պետք է շարունակել այդ ուղղությամբ արդյունք տալ, ունենալ ժողովրդագրական դրական պատկեր, երկրի զարգացում ապահովել: Մեր հարցի քաղաքական լուծումը կախված է լինելու դրանից»։