Բաժիններ՝

Ոչ ոք չի օգնի ագրեսիայի զոհին, եթե զոհն ինքը չի դիմադրում. Անդրեյ Իլարիոնովը՝ Ուկրաինայի մասին

Украинская правда-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին (2000-2005 թվականներ) խորհրդական Անդրեյ Իլարիոնովն անդրադարձել է Ուկրաինայի վերջին զարգացումներին: Այդ հարցազրույցը կրճատումներով ներկայացվում է ստորև.

«Ինչո՞ւ է ագրեսիա իրականացվում Ուկրաինայի դեմ: Կա Ուկրաինայի վրա հարձակվելու նպատակ և պլան, որը պատրաստվել է բազում տարիներ առաջ: 6 տարի առաջ այն հրապարակվել է, այդ թվում նաև Վլադիմիր Պուտինի կողմից. 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, երբ Պուտինն ասաց, որ Ուկրաինան չի կայացել որպես պետություն, և որ Ուկրաինան զբաղեցնում է մեծ քանակությամբ ռուսական (բնիկ) տարածքներ:

Դրանից հետևում էր, որ վաղ թե ուշ Պուտինի օրակարգում հայտնվելու էր այդ տարածքների վերադարձման հարցը: Խոսքը գնում էր միայն նրա մասին, թե հենց երբ տեղի կունենա դա: Հեղափոխությունն ու նախկին վարչակարգի տապալումը գտան, որ հարմար պահ է՝ այդ ծրագիրը սկսելու համար: Ես խստապես կասկածում եմ, որ պլանավորված է եղել Յանուկովիչի՝ նման արագ փախուստը Կիևից:

Ամեն անգամ խոսելով Յանուկովիչի այդ գործողության մասին՝ Պուտինը մեծապես զայրացած է եղել: Եվ պատրաստված մշակումները ստիպված են եղել իրագործել շատ ավելի արագ, քան դա պլանավորվել էր: Կատարելապես ակնհայտ է, որ ներկայումս մինչև 100 երկիր լրջորեն մտածում է, թե ինչ ժամկետում է անհրաժեշտ անհապաղ ստեղծել միջուկային զենք, որը կերաշխավորի նրանց տարածքային ամբողջականությունը:

Ուկրաինան ներկայումս դրա վառ օրինակն է, քանի որ Բուդապեշտյան հուշագրով (1994, որով Ուկրաինան հրաժարվեց իր տարածքում առկա միջուկային զենքից) Ուկրաինային ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի տված երաշխիքները ի չիք եղան: Մի կողմից կա Ուկրաինան, որը ստանձնեց միջուկային զենքից հրաժարվելու պարտավորություն, իսկ մյուս կողմից կան երաշխավորներ, որոնք չապահովեցին տված երաշխիքները:

Եթե երկիրն իսկապես չի ցանկանում պաշտպանել իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ապա չկա դա անելու այլ եղանակ՝ բացառությամբ ագրեսորին դիմադրելուց: Դիմադրությունը կարող է ունենալ տարբեր ձևեր: Եթե երկիրը չի դիմադրում և հույսը դրել է այլոց (ավագների) վրա, ապա այդ երկիրը գործում է պատմական կոպիտ սխալ:

Պատմության մեջ չեն եղել դեպքեր, որ մյուս երկրները սկսեն պաշտպանել ագրեսիայի զոհին, եթե ագրեսիայի զոհն ինքը չի դիմադրում: Այդպիսի դեպքեր չեն գրանցվել: Մենք ունենք դրա երկու վառ օրինակ:

1938 թվականին Չեխոսլովակիան ընդունեց Մյունխենյան պայմանագրի պայմանները, որոնց համաձայն 4 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան ու Իտալիան, երաշխավորեցին Չեխոսլովակիայի նոր սահմանները: Արդյունքը մենք լավ գիտենք: Նախ խլեցին Սուդետի մարզը, իսկ կես տարի անց գերմանական զորքերը մտան Պրահա:

Սա առաջին տարբերակն է, երբ ագրեսիայի զոհը չի դիմադրում: Մյուս տարբերակլը նույնպես այդ ժամանակաշրջանից է: 1939 թվականի նոյեմբերի 30-ին խորհրդային զորքերը հատեցին սովետա-ֆիննական սահմանը:

Եվ թեև ագրեսորի ու ագրեսիայի զոհերի միջև ուժերի հարաբերակցությունը անհամեմատելի էր՝ 200 միլիոնը 3 միլիոնի դիմաց, Ֆինլանդիան դիմադրեց, ինչի արդյունքում թեև կորցրեց իր տարածքի մի մասը, և այնուամենայնիվ, նա պահպանեց իր անկախությունը, պետական ինքնիշխանությունը:

Համանման պատմություն գրանցվեց 6 տարի առաջ՝ Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայի ժամանակ: Դա ծանր փորձություն էր: Վրացական իշխանությունները որոշեցին դիմադրել: Այո՛, նրանք կորցրին տարածքներ՝ Աբխազիան ու Հարավային Օսիան, Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացվել է ռուսական զորքերի կողմից, սակայն Վրաստանը պահպանեց անկախությունն ու պետական ինքնիշխանությունը:

Ուկրաինան ունի ընտրություն. կա՛մ գնալ Չեխոսլովակիայի ճանապարհով, կա՛մ էլ գնալ Ֆինլանդիայի ու Վրաստանի ճանապարհով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս