Բաժիններ՝

«Դեմ եմ» շարժումը չի մարում. ակտիվիստները հեծանիվներով երթ անցկացրին

«Դեմ եմ» շարժումն այսօր Երևանում անցկացրեց հերթական ակցիան: Այս անգամ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնությունը կազմակերպել էր հեծանիվներով երթ, որի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից և այնտեղ էլ ավարտվեց: Մի խումբ ակտիվիստներ իրենց հեծանիվներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, հետո` Երևանի քաղաքապետարան, այնուհետև կրկին վերադարձան Ազատության հրապարակ: Երթի նպատակը մարտի 22-ին, ժամը 14:00-ին կայանալիք հերթական հավաք-երթ մասին քաղաքացիներին իրազեկելն էր:

«Ազատության հրապարակում տեղի է ունենալու մեծ հավաք-երթ, որի նպատակը մեր անցած ճանապարհի ամփոփումն է, թե ինչի ենք հասել կամ ինչ չենք կարողացել անել: Եվ այդ օրը մենք կոչ ենք անելու Սահմանադրական դատարանին, որպեսզի առաջնորդվի ՀՀ սահմանադրությամբ, արդարացի որոշում կայացնի և հակասահմանադրական ճանաչի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր դրույթները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից Հարություն Աղլամազյանը:

dem em01

dem em

Կարդացեք նաև

Հարությունը կարծիք հայտնեց, որ «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» դեմ շարժումը գնալով ծավալվում է և օրեցօր ավելի լայն շերտեր է ներգրավում, իսկ շարժման մեկ այլ մասնակից` Հայկ Ավետիսյանն էլ սպասվող հավաքի մասին նշեց, որ թեև դրա կազմակերպիչը «Դեմ եմ» շարժումն է, այլ ոչ թե քաղաքական ուժերը, որոնք նույնպես մասնակցելու են, սակայն որևէ մեկը չի ձգտում առաջնորդությունն իր ձեռքը վերցնել, և նպատակը միասնական ճակատով օրենքի դեմ պայքարելն է:

«Կա սոցիալական լուրջ խնդիր, այդ խնդրի դեմ բոլորով պետք է պայքարենք», – ասաց Հ. Ավետիսյանը: Ակտիվիստների խոսքերով` շարժումն ի սկզբանե քաղաքացիական է և երբեք չի կուսակցականացվելու: Նրանք նաև ընդգծեցին` մարտի 22-ի հանրահավաքը հերթական քայլն է, և եթե ՍԴ չկայացնի այնպիսի որոշում, որը կգոհացնի շարժմանը, ապա պայքարն ավելի է հզորանալու և ավելի մեծ է թափ ստանալու:

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թ. հունվարի 24-ին աշխատանքային նիստում որոշում կայացրեց ժամանակավորապես`մինչև մարտի 28-ին նշված գործով կայանալիք դատաքննությունը, կասեցնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, որոնք պարտադիր բաղադրիչ են պարունակում:

Սակայն սա չկաշկանդեց պետական մի շարք կառույցների և կազմակերպությունների, որոնք, իրենց հայեցողությամբ մեկնաբանելով ՍԴ որոշումը, ՀՀ ֆինանսների նախարարության պահանջով սկսեցին պարտադիր պահումներ կատարել աշխատակիցների աշխատավարձից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս