Աղվան Վարդանյան. «Ոչ միայն պարզապես պահանջելու ենք կառավարության հրաժարականը, այլև առաջարկելու ենք անհրաժեշտ բարեփոխումների ցանկ»
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով այն հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատկերացնում նոր կառավարության ձևավորումը՝ առանց Ազգային ժողովը ցրելու, և այն դեպքում, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում, նշեց. «Մենք արձանագրում ենք հետևյալը. Հայաստանն այսօր կանգնած է ներքին, արտաքին լրջագույն խնդիրների առաջ, ներքին սոցիալ-տնտեսական բոլոր ձախողումները, բոլոր հետընթացները, վստահության բացակայությունը, հանրության ամենամեծ շրջանակների՝ ապագայի հանդեպ հույսի բացակայությունը, պայմանավորված են այս իշխանություններով, այս կառավարության գործողություններով: Մենք հրաշալի պատկերացնում ենք, որ կա ձևավորված քաղաքական համակարգ, ԱԺ-ում կա մեծամասնություն, կոալիցիա… Հարցի ենթատեքստն այն է, որ, ասենք թե՝ այս կառավարությունը հրաժարական տվեց, նույն այս մեծամասնությունը կձևավորի մեկ այլ կառավարություն, մեկ այլ վարչապետ կնշանակի, ի՞նչ է դրանից փոխվելու»: Իսկ թե ինչո՞ւ է կառավարության հրաժարականի հարցը «ձգձգվում», Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իրենք ոչ միայն պարզապես պահանջելու են կառավարության հրաժարականը, այլև առաջարկելու են անհրաժեշտ բարեփոխումների ցանկ, որպեսզի հաջորդ Կառավարությունը նախորդի սխալները նկատի ունենալով՝ նույն վիճակին չհասնի: «Մենք չենք ելնում միայն հեռացնելու, միայն վատը տեսնելու դիրքերից, այս մեծամասնության դեմ թշնամանքից չենք ելնում, մենք ելնում ենք երկրի վիճակից և երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից ու աշխատում ենք համաձայնեցնել գործողությունների ծրագիրը, որը մի պարագայում՝ կարող է իշխանությունն ընդունել, մեկ այլ պարագայում կարող է չընդունել, բայց մենք ելնում ենք նաև խելամտության կանխավարկածից և կարծում ենք, որ իրենք պիտի լրջորեն մտածեն և քննարկեն հետագա քայլերը և՛ հասարակության հետ, և՛ քաղաքական շրջանակների հետ»,- շեշտեց ՀՅԴ պատգամավորը: Ա. Վարդանյանի խոսքով՝ իրենք կողմնակից չեն մեկանգամյա քայլերի, այլ կողմնակից են առաջարկների, ինչի ուղղությամբ էլ լրջորեն աշխատում են և շուտով արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնեն: Ինչ վերաբերում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հանդիպումներին, ապա Աղվան Վարդանյանն ասաց, թե այն, ինչ քննարկվում ու համաձայնեցվում է, չի կարող հանրությունից դուրս լինել: «Եթե կարողանանք համաձայնեցնել այն ծրագիրը, որ մենք առաջարկելու ենք, բնականաբար, կարծում եմ՝ բաց ենք հանրության առաջ, մասնագիտական քննարկումների, ԶԼՄ-ների առաջ, որպեսզի նաև հասարակությունը տեղյակ լինի: Իշխանությունն ինչ էլ հայտարարի, միևնույն է, մենք տեսնում ենք՝ կա մեծ ընդվզում, մեծ բողոք, իրենք էլ, թարսի նման, իրենց ամեն քայլով մի բան ավելացնում են, իբր թե քիչ էր կուտակայինը, քիչ էր գազի հարցը, քիչ էր Մարտի 1-ը, քիչ էին մյուս խնդիրները, ընդամենը վերջերս պոլիկլինիկաներում փորձեցին համավճարի ինստիտուտ մտցնել, որը խելամտորեն մի քանի ամսով հետաձգեցին, քիչ էր այս ամբողջ դժգոհությունը, հիմա էլ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ են թույլատրում հեռուստատեսությամբ»,- եզրափակեց նա: