Բաժիններ՝

ԼՂՀ վարչապետն այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելեց Մարտակերտ քաղաք՝ համայնքի ղեկավարի՝ 2013 թ. գործունեության հաշվետվությանը ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու նպատակով: Նախորդ երկու օրերին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում:

Մարտի 11-ին Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր և Նոր Կարմիրավան համայնքների ղեկավարները, ներկայացնելով կատարված աշխատանքների հաշվետվությունները, նշեցին հատկապես բանջարաբոստանային կուլտուրաների մշակման, ծխախոտագործության, անասնապահության և խմելու ջրի մատակարարման ուղղություններով գրանցված հաջողությունները, իսկ առանցքային խնդիրների շարքից առանձնացրին դպրոցների շենքերի ոչ բարվոք վիճակը: Նոր Մարաղայի համայնքապետի խոսքով՝ Կանադահայ բարեգործների միջոցներով գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն:

Վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի սկսվելու են Նոր Մարաղայի և Նոր Հայկաջուրի դպրոցների շենքերի կառուցման աշխատանքները, իսկ Նոր Սեյսուլանի դպրոցի խնդիրը մնում է օրակարգում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մի քանի օրից կսկսվի նաև Նոր Հայկաջուրի և Նոր Կարմիրավանի խմելու ջրի կանոնավոր մատակարարումը, ինչը վերջին ամիսներին այդ համայնքների հիմնական խնդիրն էր դարձել: Ա. Հարությունյանը հորդորեց գյուղացիներին ավելի ակտիվորեն զբաղվել ոչ միայն հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, այլ նաև ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և պտղատու այգիների մշակմամբ, որոնց համար կառավարությունը ստեղծում է հարմար պայմաններ:

Գործադիրի ղեկավարն այդ օրվա հանդիպումներից հետո ներկա գտնվեց նաև Նոր Ջրաբերդի՝ վերջերս կառուցված էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը, որով ավարտվեց Մարտակերտի շրջանի էլեկտրաֆիկացումը:

Մարտի 12-ին տեղի ունեցած` Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ղեկավարի հաշվետվության ժամանակ վերջինս ներկայացրեց կատարված աշխատանքները, որոնց շարքում առանձնացրեց ջրամատակարարման ցանցի կառուցումը: Խնդիրներից նա նշեց դպրոցի շենքի անհարմար պայմանները և ոռոգման ջրի պակասը: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ 2015 թ. կառավարությունն ի վիճակի կլինի ֆինանսավորել դպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները, իսկ ոռոգման ջրի խնդիրը, ըստ նրա, վերջնականորեն կլուծվի Թրղե-3 ՀԷԿ-ի շահագործմամբ:

Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի ղեկավարը ձեռքբերումների շարքից նշեց երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը, ռուսաստանաբնակ բարերարների միջոցներով շուրջ 10 կմ ներհամայնքային ճանապարհի խճապատումը և բնակիչների՝ աշխատանքով ապահովվածության բարձր տոկոսը: Խնդիրներից բնակիչներն ու համայնքապետը նշեցին խմելու ջրի ներքին ցանցի ոչ բարվոք վիճակը և բնակարանաշինության անհրաժեշտությունը, որը պայմանավորված է գյուղի զարգացման ու ծնելիության աճի արագ տեմպերով: Իր խոսքում Ա. Հարությունյանը շեշտադրեց Հաթերքի ռազմավարական նշանակությունը ողջ հանրապետության համար և գոհունակություն հայտնեց համայնքի զարգացման աստիճանից: Վարչապետը տեղեկացրեց, որ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները սկսվելու են 2016 թ.-ին, իսկ բնակարանաշինության խնդիրը լուծելու համար շուտով գյուղում կմեկնարկի հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ հաշվի առնելով բնակիչների վճարունակությունը և գյուղի կարևորությունը:

Ա. Հարությունյանը ներկա գտնվեց նաև Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի համայնքապետի հաշվետվությանը, այնուհետև ծանոթացավ Թրղե-3 ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին:

Մարտակերտ քաղաքի համայնքապետի հաշվետվությամբ` բացի նոր կառուցված պոլիկլինիկայի սպորտդահլիճի շենքերից և բարեկարգման մի շարք աշխատանքներից, ավարտին են հասնում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնց համար տրամադրված է շուրջ 1.5 մլրդ դրամ: Խոսելով քաղաքի ռազմավարական ծրագրերի մասին՝ Ա. Հարությունյանը նշեց, որ բարեկարգվել է Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհը, իսկ ամենաուշը երկու տարուց կգործի Վարդենիս-Մարտակերտ ասֆալտապատ մայրուղին, որը մեծ խթան կդառնա քաղաքի զարգացման համար: Բնակարանաշինությունը համարելով Մարտակերտի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը՝ վարչապետ Հարությունյանը ընդգծեց, որ քաղաքում գործում է հիփոթեքային ծրագիր, և շուտով նոր բազմաբնակարանային շենք կկառուցվի այնտեղ:

Բոլոր հանդիպումների վերջում բնակիչները հանդես եկան հարցերով և առաջարկություններով՝ ստանալով համապատասխան պարզաբանումներ կառավարության ղեկավարի կողմից:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս