Վերջին 75 տարում Եվրոպան գործ չի ունեցել Պուտինի նման մարդու հետ. Անդրեյ Իլարիոնով
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական ու ամերիկյան Cato Institute-ի ավագ գիտաշխատող Անդրեյ Իլարիոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայումս գտնվում է կայսերական էյֆորիայի մեջ.
«Ռուսաստանում բնականաբար չափազանց ոգևորված են (Ղրիմին տիրելու կապակցությամբ) և գտնվում են էյֆորիայի մեջ. կայսերական բացարձակ էյֆորիայի մեջ: Իսկ Եվրոպան դա պարզապես չի հասկանում: Վերջին 75 տարում՝ 1938-1939 թվականներից (Հիտլերից հետո), Եվրոպան գործ չի ունեցել նման մարդկանց (ինչպես որ Պուտինն է) հետ: Եվրոպային պահանջվեց մի քանի տարի՝ գիտակցելու համար, թե ում հետ գործ ունի»:
Իլարիոնովի խոսքերով՝ Պուտինն Ուկրաինայի տարածքի կեսի նկատմամբ իր հավակնությունների մասին բարձրաձայնել է դեռևս 6 տարի առաջ. «Պետք է հիշել, որ պարոն Պուտինը մի քանի տարի առաջ է որոշում ընդունել, և ես իմ բլոգում պարզապես տեղադրել եմ 2008 թվականի ապրիլին գրված հոդվածը: Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների պլանը գրվել է ռուս փորձագետի կողմից:
Եթե դուք հիշում եք, նույն 2008 թվականի ապրիլին Բուխարեստում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Այն ժամանակ Պուտինը Բուշին ասել է, որ չկա Ուկրաինա անունով պետություն, չկա այդպիսի պետություն, նրա տարածքների կեսը ռուսական տարածքներ են, և իրենք կվերցնեն դրանք: Ի պատասխան՝ Բուշը ժպտացել էր (չէր հավատացել), Պուտինը՝ նույնպես»:
Հիշեցնենք, որ օրեր աաջ Իլարիոնովը հայտարարել էր, որ Ղրիմը 6 տարի առաջ մշակված Պուտինի պլանի միայն առաջին փուլն է: