Բաժիններ՝

«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ-ում

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով ռազմաբժշկական ոլորտի գիտական-գործնական հարցերով խորհրդակցություն, որը հրավիրել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ. Խաչատրյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, քանի որ պաշտպանության, առողջապահության նախարարությունների և ԵՊԲՀ փոխգործակցության շնորհիվ է հնարավոր միայն ապահովել ռազմական բժշկության ոլորտի հետագա զարգացումը, նպաստել զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների ակտիվացմանն ու զինծառայողների առողջության պահպանմանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցներում և ծավալված քննարկումներում բարձրաձայնվել են մի շարք հարցեր:

Մասնավորապես` առանձնակի ուշադրություն է դարձվել ռազմաբժշկական համակարգի զորային /առաջնային/ օղակի բժշկական ծառայության, ՀՀ զինված ուժերում գրիպի և սուր շնչառական այլ հիվանդությունների կանխարգելման, նախազորակոչային տարիքի երիտասարդների բուժզննման և նրանց զինծառայությանը նախապատրաստելու հիմնախնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության կազմակերպական-կառուցվածքային հնարավորությունների կատարելագործման, զինված ուժերին մատակարարվող դեղամիջոցների որակական չափորոշիչների, դրանց նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս