Իրանն ու Թուրքիան ունակ են պայքարել ահաբեկչության դեմ. Զարիֆ
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան օժտված են ամեն անհրաժեշտով՝ Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքար մղելու համար: Այս մասին երեկ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Զարիֆի խոսքերով՝ Իրանն ու Թուրքիան ընդհանուր հայացք ունեն մի շարք կրոնական ու գլոբալ խնդիրների շուրջ. «Մեր երկրներն ունեն մեծ պոտենցիալ՝ ծայրահեղականության դեմ պայքարելու և տարածաշրջանի խնդիրների լուծման համար»:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին՝ Զարիֆը հայտարարել է, որ «Վեցյակի» հետ բանակցային գործընթացն ունի բարդ բնույթ. «Թեհրանը հուսով է, որ բանակցությունները կանցկացվեն Իրանի ժողովրդի շահերին համապատասխան»:
Սինիրլիօղլուն իր հերթին ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա: