Գալուստ Սահակյան. ՀՀ-ն մայիս ամսին կդառնա Մաքսային միության անդամ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ արդեն իսկ հնարավոր է նախապատրաստել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների նիստում ՌԴ նախագահը մասնավորապես ասել է. «Դրա համար էլ կարծում ենք, որ հնարավոր է՝ ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստումը սկսելը»:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը շա՞տ չի շտապում այս հարցում: Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Այդ ժամկետները մենք ենք առաջադրել, որ ավելի շուտ մտնենք Մաքսային միություն: Եվրասիական միությունը, ճիշտ է, դեռ ամբողջացված չէ, որ մասնակցենք, բայց դա հնարավորություն է մեզ համար: Շատ չենք շտապում, Ուկրաինայի դեպքերն էլ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ շատ ճիշտ ենք վարվել»:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա Գ. Սահակյանը հայտնեց, թե փաստաթղթերի հետ աշխատանքը ավարտված է և ՀՀ-ն մայիս ամսին կդառնա Մաքսային միության անդամ: «Մենք մեր դիվանագիտական միջոցներով, նախագահի գլխավորությամբ ուզել ենք, որ ավելի շուտ մտնենք, և որ հիմնադիր անդամներից մեկը հանդիսանանք: Մենք հիմա մտնում ենք հիմնադիր անդամի կարգավիճակով: Բոլոր փաստաթղթերը կան, վերլուծությունները կան, երևի մարտի 15-ից հետո նորից կհանդիպեն, ու մայիսին արդեն վերջնական անդամակցած կլինենք»,- նշեց նա:
Այն, որ Հայաստանը մուտք է գործում Մաքսային միություն հիմնադիր անդամի կարգավիճակով, ըստ Գ.Սահակյանի, առավելություն է: «Ով այս պահին է մտնում, հիմնադիր է, հետո արդեն… Դա առավելություն է, պատկերացրեք, որ լինեինք տասներորդը, էնպես որ… »,- նշեց նա:
ՀՀԿ փոխանախագահը հավաստիացրեց, թե շուտով Մաքսային միությանը կազմը կհամալրվի նոր անդամներով: «Մաքսային միության մեջ առաջիկահում շատ երկներ կմտնեն»,- ասաց նա: