Բաժիններ՝

Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Իլքեր Բաշբուղի բողոքի

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղի բողոքի օգտին, որին «Էրգենեքոն» գործի շրջանակներում դատապարտել են ցմահ ազատազրկման:

Սրանից առաջ ավելի ցածր ատյանի դատարանը մերժել էր Բաշբուղի բողոքը, որում նա պնդում էր, որ իրեն ապօրինաբար են ազատազրկել: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, Բաշբուղի գործը չի դիտարկվել արդյունավետորեն և չի ներկայացվել մանրամասն հիմնավորում՝ նրան դատապարտելու համար:

Սահմանադրական դատարանը վճռել է, որ տվյալ գործը չի կարող հանդիսանալ Բարձրագույն Վերաքննիչ դատարանի դիտարկման առարկա: ՍԴ-ի որոշումը կարող է պայմաններ ստեղծել Բաշբուղին ազատ արձակելու համար: Իլքեր Բաշբուղը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2013 թվականի օգոստոսի 5-ին:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 5-ին Ստամբուլում 7-ժամյա հարցաքննության ենթարկվեց Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (26-րդ, 2008–2010թթ.) պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը, որն այդ ընթացքում պատասխանեց 50-60 հարցի:

Դրանից ժամեր անց` արդեն հունվարի 6-ին, Ստամբուլի դատարանը վճռեց նրան կալանքի տակ առնել և ուղարկել Ստամբուլի մոտ գտնվող Սիլիվրիի բանտ: Հարկ է նշել, որ սա աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում, որ քաղաքացիական դատարանը կալանքի տակ է վերցնում Գլխավոր շտաբի նախկին պետին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս