Իրաքում երեկվա պայթյունների հետևանքով զոհվել է 34 մարդ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրաքում հնչել են մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, կան տասնյակ վիրավորներ: 3 պայթյուն որոտացել է Բաղդադի փողոցներում, ևս երկուսը՝ Հիլա քաղաքում:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ պայթեցվել են շուկաների մոտ կայանված ավտոմեքենաներ, որոնք լեցուն են եղել պայթուցիկով: Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներից դեռ ոչ ոք չի ստանձնել այդ պայթյունների պատասխանատվությունը:
Փորձագետների տվյալներով՝ 2013 թվականն Իրաքում հանդիսացել է ամենաարյունոտ տարին վերջին 5 տարվա համար: Նախորդ տարի ահաբեկչությունների ու զինված հարձակումների հետևանքով Իրաքում զոհվել է ավելի քան 8000 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա փետրվարին Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 703 մարդ, որից 139-ը ոստիկաններ ու զինվորականներ են, իսկ 564-ը՝ քաղաքացիական անձինք: Փետրվարին Իրաքում վիրավորվել է ավելի քան 1380 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը խաղաղ քաղաքացիներ են: