Բաժիններ՝

Մամիկոն Խոջոյանի վիճակը կայուն ծանր է

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Երևանից գործուղված բժիշկ-վնասվածքաբանի ուղեկցությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` փոխնախարար Վահան Պողոսյանն այցելել է Մամիկոն Խոջոյանին:

«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,- ասել է Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո և նրա առողջական վիճակի մասին պարբերաբար կզեկուցվի:

Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել է հետազոտման պլան: Կատարվեցին կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շետրագրում:
Հիվանդի վիճակն այս պահին մասնագետները գնահատում են կայուն ծանր: Վերակենդանացման բաժանմունքում նա ստանում է ներերակային թերապիա:
Ըստ Առողջապահության նախարարության՝ հետազոտությունների ամբողջական արդյունքներից հետո կորոշվի բուժման հետագա ընթացքը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս