Ստեփան Մարգարյան. Ինչ-որ տեղ Գագիկ Ծառուկյանն անգամ Իվանիշվիլից ավելին է

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ

– Մարտի մեկին Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ոչ իշխանական չորս խմբակցությունների անունից հայտարարվեց, թե չի բացառվում, որ ԱԺ 4 քաղաքական ուժերը պահանջեն նաև ՀՀ նախագահի հրաժարականը: ԲՀԿ-ն պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը:

– Այն գործունեությունը, որը ծավալվում է քաղաքական չորս խմբակցությունների կողմից, նախ և առաջ՝ քննարկվում է հատուկ ընդունված ձևաչափով, ներկայացուցիչների կողմից: Չորս ուժերի կողմից իրականացվում է այն, ինչ կա նրանց օրակարգում: Այս պահին նախագահի իմպիչմենտի հարց ընդհանուր օրակարգում չկա: Չորս ուժերը պայմանավորվածություն ունեն, որ նրանցից որևէ մեկը որևէ գործողություն առանց քննարկելու չի ծավալում: Այդ հարցը չկա օրակարգում, այս պահին չկա, կա կառավարության հրաժարականի հարց, բայց նախագահի հրաժարականը պահանջելու հարց չկա:

Ես ներկա եմ եղել հանրահավաքին և լսել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե իրենք ունեին տեսակետ այս ձևով, բայց մեր գործընկերները կողմնակից են հանգրվանային հարցի, ու ՀԱԿ-ը համաձայնում է դրա հետ, գնում է կառավարության հրաժարականի խնդիրը դնելու, ու հետո տեսնենք՝ ի՞նչ կլինի: Նա ասել է, որ իրենք ունեին նախագահի հրաժարական պահանջելու հարց, բայց քանի որ գործընկերներն ուզում են կառավարությանն անվստահություն հայտնել, իրենք դրան համաձայնել են:

Կարդացեք նաև

– ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ: Նաև հիշատակել էր ԲՀԿ համագումարում հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի կողմից արված «պատգամները»՝ նշելով. «Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից»: Հիմա ինչո՞վ է պակաս Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից:

– Որևէ բանով պակաս չէ Գագիկ Ծառուկյանն Իվանիշվիլիից: Ասեմ ավելին՝ եթե մենք համեմատում ենք այդ անձերին, պետք է նրանց համեմատությունն անենք մոտեցումների մեջ այս կամ այն հարցի նկատմամբ: Երբ Իվանիշվիլին քաղաքականություն մտավ, հայտարարեց, որ իր թիմով մասնակցելու է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, մոտավորապես՝ նույն գնահատականներն էր տալիս երկրի առջև ծառացած խնդիրներին, ինչ Գագիկ Ծառուկյանն արեց Հայաստանում: Ինչ-որ տեղ անգամ ավելի է. Գագիկ Ծառուկյանն ավելի է ինչո՞վ, նա երկար ժամանակ քաղաքական կուսակցության ղեկավար է, իսկ Իվանիշվիլին չուներ քաղաքական թիմ, նա ստեղծեց այդ թիմն ու դրանով գնաց ընտրությունների, իսկ Գ. Ծառուկյանն ունի պատրաստի թիմ, որը խորհրդարանում է եղել նախորդ գումարման ժամանակ, այսօր: Գագիկ Ծառուկյանն իր վերաբերմունքով, գնահատականներով անկեղծ է, ու բովանդակային առարկություն այս առումով չի եղել:

– Բայց չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանն Իվանիշվիլիից պակաս է հենց նրանով, որ նախագահի հրաժարականը չի պահանջում, չի գնում փափուկ իշխանափոխության ուղիով, ինչպես ասում էր Լ. Տեր-Պետրոսյանը:

– Ավելի փափուկ, քան հիմա կառավարությանն անվստահություն հայտնելն է, չի լինում: Իսկ ես վստահ եմ, որ կառավարությանն անվստահություն մենք հայտնելու ենք, դա օրակարգային հարց է, քննարկվում է: Գիտեք, ինչ-որ իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում կար նաև այն մեսիջը, որ Գագիկ Ծառուկյանը դառնա ընդդիմության առաջնորդ, որովհետև, եթե անմիջապես համեմատում ենք Իվանիշվիլիի հետ, նա իսկապես դարձավ վրացական ընդդիմության առաջնորդ: Բայց եթե Տեր-Պետրոսյանի խոսքը կոնտեքստից չկտրենք, ապա տեսանելի կլինի, որ նրա մեսիջները հետևյալն են՝ ՀԱԿ-ը չի հավակնում անպայման իր շուրջը հավաքելու, և նույնն, ի դեպ, ԲՀԿ-ի պարագայում է: ԲՀԿ-ն կողմ է հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի, և Տեր-Պետրոսյանը հանրահավաքում դա հայտարարեց, և որևէ մեկը չասաց՝ եկեք մեր շուրջ հավաքվեք:

– Այսինքն՝ ՀԱԿ-ն ասում է՝ եկեք ԲՀԿ-ի շուրջ հավաքվե՞նք:

– Չէ, ՀԱԿ-ը չի ասում էդպիսի բան, դա շատ պարզունակ կլիներ: Տեր-Պետրոսյանն ասում է, որ այնքան կարևոր են խնդիրները, որ խնդիրների շուրջ պետք է անել կոնսոլիդացիան:

– Ասացիք, որ ՀՀ առաջին նախագահի ելույթում ինչ-որ տեղ մեսիջ կար, որ Գ. Ծառուկյանը դառնա միասնական ընդդիմության առաջնորդ: ԲՀԿ նախագահը նման ցանկություն ունի՞:

– Գագիկ Ծառուկյանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու այդպիսին, եթե միավորված ընդդիմություն ձևավորվի: Ժամանակը ցույց կտա՝ ո՞ւր կգնա այդ ընդդիմությունը, մենք կունենա՞նք այն կոնսոլիդացիան, որը հանդիսանում է երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու հիմքը: Եթե կայացավ այդ կոնսոլիդացիան, հեչ կարևոր չէ, թե ով է լինելու առաջնորդ:

Տեսանյութեր

Լրահոս