ԱՄՆ-ը 2013 թվականին մեծացրել է ադրբեջանական նավթի ներկրումը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը 2013 թվականին մեծացրել է ադրբեջանական նավթի ներկրումը: Նախորդ տարի ԱՄՆ-ն Ադրբեջանից ներկրել է 10.41 միլիոն բարել նավթ, մինչդեռ 2012 թվականին` 8.83 միլիոն բարել նավթ:
Այս մասին նշված է ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության պետական վարչության (EIA) տարածած հայտարարությունում: 2013 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ը ներկրել է 1.04 միլիոն բարել ադրբեջանական նավթ` 2012 թվականի դեկտեմբերի մոտ 1.05 միլիոն բարել նավթի դիմաց:
Ադրբեջանական նավթը հիմնականում արտահանվում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով, որով ադրբեջանական նավթը հասցվում է թուրքական Ջեյհան նավահանգիստ (Միջերկրական ծով): Բացի այդ, ադրբեջանական նավթը Սև ծով է հասցվում «Բաքու-Սուփսա» (Վրաստան) և «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարերով: