Մանկաբարձ-գինեկոլոգը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Վահագն Մադոյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում իշխանության ներկայացուցչի՝ Հ. Աղաբեկյանի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, դրսևորելով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք՝ փորձել է ձեռքով հարվածել, որի արդյունքում Վ.Մադոյանի ձեռքը կպել է Հ.Աղաբեկյանի դեմքին դրված օպտիկական ակնոցներին, ինչի հետևանքով ակնոցներն ընկել են գետնին ու վնասվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս): Վահագն Մադոյանը նախապես կալանավորվել էր, ապա դատարանը գրավի կիրառմամբ նրան ազատ էր արձակել: Վ. Մադոյանի գործընկերները հետագայում պատմել էին, որ նախքան կալանավորվելը նրան ոստիկանները ծեծի էին ենթարկել:

Քրեական գործը դատարանում քննում է դատավոր Մարտին Սարոյանը: Քրեական գործին որպես ապացույցներ կցված են բաճկոն և ակնոցներ: Քրեական գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 5-ին:

Տեսանյութեր

Լրահոս