Ընկերոջը փրկելու 7-ամյա փոքրիկի սխրանքը. The Daily Mail
The Daily Mail-ի փոխանցմամբ` 7-ամյա Դիլան Սիգելը վեց տարեկան հասակում գիրք է գրել, որպեսզի այդ կերպ գումարներ հավաքի իր լավագույն ընկեր Ջոնահ Փուռնազարյանի համար: Վերջինս 8 տարեկան է և տառապում է լյարդի հազվադեպ հիվանդությունից (գլիկոգեն):
Շոկոլադե սալիկի մասին Դիլանի հեղինակած Chocolate Bar գրքի վաճառքի շնորհիվ հաջողվել է հավաքել 750.000 դոլար: Դա իրականացվել է մեկ տարուց քիչ ավելի ժամանակահատվածում: Սիգելը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով և մտադիր է հավաքած գումարի չափը հասցնել մինչև 1 միլիոն դոլարի` Լոս Անջելեսում բնակվող իր լավագույն ընկերոջն օգնելու համար:
Դիլանն իր դպրոցում վաճառել է սեփական գրքի 200 օրինակ: Ընդհանուր առմամբ, նրա գրքերը վաճառվել են ԱՄՆ-ի 50 նահանգում ու աշխարհի 42 երկրում: Գրքի վաճառքից ստացված հասույթն ու կատարված նվիրատվություններն ուղղվելու են Ֆլորիդայի համալսարանի Բժշկության դպրոցին, ուր հետազոտողների խումբը կփորձի բուժել այդ հիվանդությունը: