Հանուն չխանգարման
Օրեր առաջ ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում այդ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը դեմ արտահայտվեց «Նաիրիտի» հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկին` նշելով, որ դրա ժամանակը չէ, քանի որ բանակցություններ են ընթանում։ Երկու օր առաջ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ «Նաիրիտում» ծրագիր է իրականացվում «Ռոսնեֆտ» ընկերության հետ, ուստի հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ:
«Ես գտնում եմ, որ ճիշտ չէ այս պահին որևէ հանձնաժողով ստեղծել և փորձել աշխատանքները խոչընդոտել։ Վերջապես գտնվել է ընկերություն, որը հնարավորություն ունի 500 մլն դոլարի ներդրում կատարել ընկերությունում»,- ասել էր նա։ Իսկ երեկ Ազգային ժողովը վերջնականապես մերժեց «Նաիրիտ» գործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը` ձայների 44 կողմ, 55 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ու կրկին ՀՀԿ-ականները կրկնել են դրոշակ դարձած միտքը` «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը սկզբունքորեն դեմ չեն, սակայն համարում են, որ այս պահին այն չի կարող ծառայել իր նպատակին և կարող է խանգարել «Ռոսնեֆտին»: Հիրավի սա շատ հուժկու փաստարկ է։
Սնանկության եզրին կանգնած, պարտքերի մեջ թաղված ու մասնատված «Նաիրիտը» հնարավոր է կրկին «սաղացնել»… ու կրկին ռուսների վրա։ Ով որ կխանգարի այս հայրենանպաստ նախաձեռնությանը, նրան, ոչ ավել, ոչ պակաս, կարելի է ազգի դավաճան հռչակել։ Ո՞վ կարող է ավելի քան 200 միլիոն դոլարի պարտք ունեցող հսկա գործարանն ավելի հարմար գնով վաճառել մեկ ուրիշին։ Կարճ ասած` հարկավոր է լռել, չխանգարել և սպասել, մինչև հերթական «զիբիլը» թանկ գնով վաճառենք ռուսներին։ Իսկ արդյո՞ք եղածը «զիբիլ» է, և արդյո՞ք «Ռոսնեֆտն» այդքան մեծ գումար է տալու «զիբիլի» համար։
Գործարքի մանրամասները դեռ ամբողջությամբ հայտնի չեն։ Պաշտոնական քիչ թե շատ ինֆորմատիվ միակ հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, երբ նա փետրվարի 24-ին հանդիպում էր իր ռուս գործընկերոջը` Դմիտրի Մեդվեդևին։ Տ. Սարգսյանն ասել էր, որ ըստ «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինի` ընկերությունը Հայաստանում պատրաստվում է շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել։
«Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն։ Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտի» աշխատողները»,- ասել էր վարչապետը։ Անգամ այս կարճ հայտարարությունը հարցեր առաջացրեց։
Օրինակ` ինչպես է «Ռոսնեֆտն» առանց հին` «Նաիրիտ գործարանի», պատրաստվում հիմնել կաուչուկի արտադրություն, եթե արտադրական հոսքագիծը գտնվում է գործարանի հաշվեկշռում։ Լրագրողները երեկ փորձել են որոշակի պարզաբանումներ ստանալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանից, սակայն նա խուսափել է «Նաիրիտի» վերաբերյալ հարցերի պատասխանել` պատճառաբանելով, թե ինքը չի զբաղվում գործարանի խնդիրներով, և, որ ինքը Սեչինը չէ։ Այդուհանդերձ, Իսայանը նշել է, որ դեռևս միանշանակ չի կարող ասել, որ հին գործարանը չի օգտագործվելու:
«Անորոշ եմ խոսում, որովհետև իրավիճակն անորոշ է»,- ասել է նա: Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտը» նոր չէ, որ հետաքրքրված է «Նաիրիտով»։ Անցած տարվա դեկտեմբերին Երևանում «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր։ Հետո ոգևորությունը մարեց, քանի որ, ըստ տեղեկությունների` «Ռոսնեֆտը» չէր ցանկանում ձեռք բերել «Նաիրիտը»` կուտակված պարտքերով։
Այսինքն` ռուսական հսկան ցանկանում էր «մաքուր» գործարք։ Իսկ այս թեմայի թարմացումն ու 500 միլիոն դոլարի մասին խոսակցությունները վկայում են այն մասին, որ կողմերին հաջողվել է գտնել «Նաիրիտի» պարտքերը մաքրելու ճանապարհը։ Թե կոնկրետ ինչպես` առայժմ դժվար է ասել։
Մեր գործընկերներն առաջ են քաշել այն վարկածը, որ կիրառվելու է հին մեթոդը` այն է` «Նաիրիտը» կրկին բաժանել 2 կամ ավելի մասերի, պարտքերը դուրս գրել դրանցից մեկի անունով, իսկ առանց պարտքի` մաքուր «Նաիրիտը» հանձնել ռուսներին։
Այդ տարբերակը գործի է դրվել դեռ 2000 թվականին, երբ «Նաիրիտը» բաժանվեց 3 մասի, երբ արտադրական հզորությունները թողնվեցին «Նաիրիտ գործարանին», իսկ պարտքերը` ներկայումս սնանկացման պրոցեսում գտնվող «Նաիրիտին»։ Պատկերավոր ասած, «Նաիրիտը» նմանվում է առասպելական փյունիկին, որը ժամանակ առ ժամանակ վերածնվում է մաքուր, առողջացած և առանց պարտքերի։ Պարզապես այս դեպքում փյունիկն իր ետևից թողնում է կեղտ` պարտքի տեսքով, և հասկանալի չէ, թե ով և ինչպես է մաքրելու այդ կեղտը։
Իսկ այս հույժ կարևոր պահին «մեյդան են ընկել» ընդդիմադիրները և ցանկանում են պարզել, թե ինչպես են կուտակվել «փյունիկի» նախկին կեղտերը։ Դա կարող է խանգարել կեղտարտադրության կամ վերածնման հերթական պրոցեսին։ Դրա համար էլ ԱԺ մեծամասնությունը հերոսաբար կանխեց այս դավադրությունը։