Նիկոլ Փաշինյանը՝ «գազային» հանձնաժողովի մասին. Հանձնաժողովը հարցերը քաղաքական օրակարգում պահելու հնարավորություն է տալիս

«Լիահույս լինել, իհարկե, չի կարելի, բայց ակնհայտ է, որ կա հնարավորություն, որ ԱԺ պատգամավորները, ոչ միայն նրանք, ովքեր հանձնաժողովի անդամ են, այլ նրանք, ովքեր անդամ չեն, կբարձրացնեն հարցեր, որոնք հասարակությանը անկեղծորեն հետաքրքրում են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ մեծամասնության կողմից նախաձեռնած գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը:

«Հարցեր կան, որոնք անկախ այդ հանձնաժողովի գոյությունից, մենք պարտավոր ենք պնդել, խոսքը կորուստների, կալորիականության մասին է, որը շատ կարևոր է: Կարևոր է, որ մենք հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունենում: Գազը ՀՀ մուտք է գործում ավելի էժան գնով, քան մենք ստանում ենք ՌԴ-ից, ուրեմն՝ ի՞նչն է պատճառը, որ էժան գազը թողած, գնում ենք թանկը»,- նշեց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ևս մեկ կարևոր հարց կա՝ կապված Մաքսային միությանը անդամակցելու և գազի համար մաքսատուրք սահմանելու հարցում: «Դուք գիտեք, որ Մաքսային միության մտնելու պարագայում մենք պետք է մաքսային տարիֆների փոփոխություն իրականացնենք: Իսկ գազի համար հիմա Հայաստանում մաքսատուրք սահմանաված չէ: Եթե մենք ՄՄ մտնենք, որտեղ մաքսատուրքը սահմանաված է նախնական տվյալներով, արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ մենք արհեստականորեն թանկացնում ենք գազը, որը կարող էինք ստանալ Իրանից»,- նկատեց նա:

Ն. Փաշինյանն ասաց, թե հանձնաժողովի ստեղծումը այդ հարցերը քաղաքական օրակարգում պահելու հնարավորություն է տալիս: Միաժամանակ նշեց, որ անկախ այս հանձնաժողովի ստեղծումից՝ ինքը որպես պատգամավոր անդրադառնալու էր այդ հարցերին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս