Սոչիում հանդիպում են Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Սարգսյանը ռուսական կողմի հրավերով երեկ ներկա է գտնվել Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողակարգին:
Գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է առաջնահերթ հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ու դրա անվտանգության մակարդակի բարձրացման համար վարկավորման աշխատանքերին, աշխատանքային ներգաղթյալների հարցերին:
Սարգսյանն ընդգծել է, որ չկա որևէ հարց, որի շուրջ իրենք չկարողանան գալ պայմանավորվածության ու համաձայնության՝ հաշվի առնելով թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերը. «Ռուսական ձեռնարկությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ: Ռուսաստանն առաջին հերթին մեր առաջին ներդրողն է. ներդրումների ծավալով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ գերազանցելով ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: Եվ երկրորդ՝ հանրապետության տնտեսության բազում ոլորտներում ռուսական ձեռնարկությունները հանդիսանում են կառուցվածքածին»: