ՀԲ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանին՝ բիզնես միջավայրի բարելավման նպատակով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա հետագա ամրապնդումն ու զարգացումը: «Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Այդ առումով, ուրախ ենք, որ դրանք բարձր են գնահատվել ՀԲ-ի կողմից և անարդյունավետ ծրագրեր, փոշիացված միջոցներ գոյություն չունեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև, վարչապետը ՀԲ գործադիր տնօրենին է ներկայացրել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը և նշել, որ կառավարությունը ծառացած նոր մարտահրավերների լուծման նպատակով շարունակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումները տարբեր ոլորտներում:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին՝ ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից միջին եկամուտ ունեցողների շարքին դասվելու համար: Ուրախ ենք լսել նաև Doing Business-ի ուղղությամբ Ձեր երկրի առաջընթացի և բարձր հավակնությունների մասին: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ հետագա առաջխաղացման համար»,- դիմելով վարչապետ Սարգսյանին՝ նշել է Ֆրենկ Հիմսկերկը:
Այնուհտեև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և կարևորել դրանց ուղղությամբ հետագա սերտ փոխգործակցությունը: