Աշխատելու համար ՌԴ ժամանող ներգաղթյալները պետք է հայտնեն գալու նպատակը. օրինագիծ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են աշխատելու համար Ռուսաստան ժամանող օտարազգիներին հարկադրել բարձրաձայնել Ռուսաստան գալու իրենց նպատակների մասին:
Այս մասին հայտարարել է անվտանգության ու կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի ղեկավար Իրինա Յարովայան, որի խոսքերով՝ տվյալ օրինագիծն արդեն իսկ պատրաստ է: Նա հավելել է, որ օրինագծով նախատեսված է, որ եթե օտարազգին չի նշում ժամանման նպատակը, ապա նա զրկվում է աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունքից:
Յարովայան, սակայն, չի հայտնել, թե ինչպես է վերահսկվելու այդ գործընթացը, որպեսզի աշխատելու իրավունքից զրկված օտարազգին չզբաղվի նման գործունեությամբ: Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Ելենա Ռադոչինան աջակցել է այս օրինագծին:
Ռադոչինայի խոսքերով՝ ներկայումս Ռուսաստանում գտնվում է գրեթե 10.5 միլիոն օտարազգի, որոնցից 4.3 միլիոնը Ռուսաստան է ժամանել «առանց հստակ նպատակի»: Նա հավելել է, որ աշխատելու նպատակով Ռուսաստան է եկել 3.7 միլիոն մարդ, որից 1.5 միլիոնն ունի համապատասխան թույլտվություն: