«Նաիրիտի» աշխատակիցները նախագահականում անվստահություն են հայտնել Արմեն Մովսիսյանին
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայից և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից հետո «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գնացին դեպի Բաղրամյան 26: ՀՀ նախագահի նստավայրում ընդունեցին 5 աշխատակիցներից կազմված պատվիրակությանը: Սակայն այդ ընդունելությունը կրկին չի գոհացրել ցուցարարներին: «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը 168.am-ին հայտնեց, որ իրենք գրավոր ներկայացրել են իրենց պահանջները, բայց նախագահականից դեռ չեն պատասխանել:
«Առաջնահերթ կարևոր խնդիրն այն է, որ աշխատավարձի 15 ամսվա պարտքի վճարման ժամանակացույց կազմվի, թե ինչքան ժամանակը մեկ են աշխատակիցներին վճարելու»,- ասաց Ա.Ավետիսյանը:
Նրա դիտարկմամբ՝ նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ընթացքում իրենց տրված խոստումները հակասում են հեռուստատեսությամբ ՌԴ դեսպանի արած հայտարարությանը. «Մովսիսյանը ասաց, որ «Նաիրիտ» գործարանը պետք է վերագործարկի «Ռոսնեֆտ» ընկերությունը, մինչդեռ երեկ դեսպանը խոսում էր ոչ թե «Նաիրիտը» վերագործարկելու, այլ նոր գործարան հիմնելու մասին: Այս լուրերը հակասում են միմյանց»:
Գործարանի աշխատակիցները մեզ հայտնեցին նաև, որ նախագահական նստավայրում իրենց գրության մեջ անվստահություն են հայտնել նախարար Ա.Մովսիսյանի հանդեպ և պահանջել են, որ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանի իրավիճակը:
Գործարանի աշխատակիցները վաղը առավոտյան հավաքվելու են «Նաիրիտում» և սպասելու են նախագահի պատասխանին, իսկ այն չստանալու դեպքում կրկին բողոքի ակցիա են անցկացնելու: