Բաժիններ՝

Ինչպիսի աղջիկների են նախընտրում հայ տղամարդիկ՝ ամուսնական գործակալություններ դիմելիս

Այսօր ամուսնական գործակալությունների միջազգային օրվա առթիվ «Ուրբաթ» մամուլի ակումբում կազմակերպվել էր ասուլիս: «Երջանկության գաղտնիք» ծանոթության և ամուսնության կենտրոնի տնօրեն Իլոնա Բաղիշյանը նշեց, որ Հայաստանում  իրենց գործակալությունը գործում է արդեն 6 տարի և դիմորդների թիվը շատ մեծ է. «Չգիտեմ՝ ինչու, դեռ Հայաստանում ընդունված է, որ մեզ մոտ դիմում են միայն անճար մարդիկ: Ես կուզենայի հերքել դա, ու ասել, որ հակառակը՝ մեզ մոտ գալու համար համապատասխան մակարդակ է անհրաժեշտ, որովհետև այստեղ ամեն մարդ չի գա: Իզուր չէ, որ մեր հաճախորդները հիմնականում ունեն երկու-երեք բարձրագույնի դիպլոմ, կայացած մարդիկ են, ֆիրմաների, բանկերի տնօրեններ, աշխատողներ են:

Ուզում եմ ասել` այն մարդիկ են, որոնք, ունենալով աշխատանք, ընկերներ, շրջապատ, պարզապես անձնական կյանքում իրենք իրենց համապատասխան մարդ չեն գտել: Ու հենց այդ մարդկանց անհրաժեշտ է ինչ-որ մեկը, որը կօգնի նրանց ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, իսկ ընտրությունն անում է հենց ինքը: Ոչ ոք ստիպելով ոչ մեկին չի ամուսնացնում»:

Նրա խոսքով՝ իրենց մոտ գալով, մարդիկ ներկայացնում են որոշակի չափանիշներ, որոնք կուզենան տեսնել իրենց կողակիցների մեջ: Իլոնա Բաղիշյանի փոխանցմամբ՝  տղամարդկանց ներկայացրած պահանջներից ամենաշատ կրկնվողն այն է, որ կինը չլինի գեր. «Թեպետ մենք ամուսնացրել ենք մի քանի աղջիկների, որոնք բավականին թմբլիկ էին, բայց, անկեղծ ասած, դա ավելի բարդ էր, որովհետև նիհար աղջիկների պահանջարկն ավելի մեծ է»:

Ըստ նրա հայ կանայք, դիմելով նման գործակալությունների, շատ պահանջներ չեն ներկայացնում. «Այնքան լավն են մեր կանայք: Նրանք պարզապես ուզում են, որ տղամարդը ապահոված լինի բնակարանով և աշխատանքով: Դա էլ նրա համար, որ ուզում են երեխաներ ունենալ, որ իրենց երեխաները գոնե մինիմալով ապահոված լինեն»:

Կարդացեք նաև

Տիկին Իլոնան նշեց, որ անցյալ տարվա ընթացքում նրանց գործակալությունը ամուսնացրել է 50-60 զույգերի: «Էս պահի դրությամբ մենք ունենք 1000 հոգուց ավելի գրանցվածներ, ընդ որում՝ տարբեր տարիքի: Ճիշտ է, դիմորդները հիմնականում 30-40 տարեկաններն են, բայց դիմում են նաև 20-30 տարեկանները: Դիմում են նաև 60-ն անց մարդիկ: Հավատացեք, որ այդ տարիքի մարդկանց համար ավելի դժվար է իրենց կեսին գտնելը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ նմանատիպ գործակալությունների դերակատարությունը մեր ժամանակներում շատ մեծ է այն առումով, որ մենք ունենք չամուսնացածների մեծ թվաքանակ. «Երբ համեմատում ենք ծնվածների թվաքանակը ամուսանացածների թվաքանակի հետ, ստացվում է, որ մոտավորապես 25 տոկոսը չունի զույգ կամ ամուսնանալու հնարավորություն: Խնդիրն այն է, որ բացի ֆինանսական, տնտեսական, բնակարանային և նման խնդիրներից, կա կյանքի ապագա ընկեր գտնելու խնդիրը, և այդ առումով հայերը շատ ավանդապաշտ են: Մեր բոլոր փորձերը՝ ստեղծել նման գործակալություն, սովետական ռեժիմի ժամանակ տապալվեցին, նույնիսկ ստեղծեցինք ծանոթությունների ակումբներ, բայց էֆեկտը զրոյական էր:

Մենք դիմեցինք զագսերին, որ զույգերը, որոնք գալիս են ամուսնանալու և բաժանվելու, դիմեն նման կազմակերպությունների և կենտրոնների, որպեսզի նրանք մասնագետների միջոցով, որոշեն՝ որքանո՞վ են համընկնում նրանց պատկերացումները ընդհանուր ապագայի վերաբերյալ, ի՞նչը կարող է խանգարել կամ ի՞նչը կարող է օգնել, թե 10, 20, 30 տարի հետո ի՞նչ խնդիրների առջև նրանք կարող են կանգնել»:

Սոցիոլոգը նշեց, որ այս առումով Արևմուտքը շատ լուրջ քայլեր է արել, թեպետ դրանով ընտանիքների կայունությունը չի բարձրացել. «Շվեյցարիայում չորս ամուսնություններից երեքն ավարտվում են ամուսնալուծությամբ: Մեծ մայրաքաղաքներում, օրինակ, Ամերիկայում, Եվրոպայում, երեք ամուսնությունից պահպանվում է մեկը:

Բայց մարդիկ ավելի երջանիկ են, քանի, որ նրանք կարողանում են գտնել իրենց զույգին: Մեզ մոտ դիմել միջնորդին՝ բավականին բարդ է: Եթե մենք հիմքը դնում ենք մեր ճաշակի վրա, երբեմն մեր ճաշակը բավարարելու համար լուրջ խնդիրներ ենք ունենում»,- ասաց Ա.Ադիբեկյանը:

Ըստ պարոն Ադիբեկյանի` մայրերը չեն սովորեցնում դուստրերին գայթակղման, ծանոթանալու, մերձենալու արվեստները. «Դրա համար տղաները հիմնականում ծանոթ ու ազգական են ման գալիս, կամ հավաքույթներում են գտնում հարսնացուներ: Ես ողջունում եմ, որ կան նման գործակալություններ, որոնք օգնում են գտնել այն միակին կամ միակներին, որոնց հետ մենք կարող ենք կապել մեր ճակատագիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս