«Ուզում եմ դարակազմիկ մի բան ասել, սակայն ամեն ինչ այնքան պարզ է»
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/Alvard-Petrosyan.jpg)
«Ոչ մի հարց որդու մասին». գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ հանդիպումից առաջ վստահ որոշեցի ես ու հարցերիս շրջանակն այնպես գծեցի, որ որևէ ձևով ցավ չպատճառեմ տիկին Պետրոսյանին` կյանքից այնքան վաղ հեռացած որդու` Նարեկ Առուշանյանի մասին հիշեցնելով: Սակայն… «Սա Նարեկիս արվեստանոցն է: Սրանք իր գեղանկարներն են: Սա Նարեկիս սիրած լուսամփոփն է…»,- ծխախոտը ծխախոտի ետևից վառում էր տիկին Պետրոսյանն ու պատմում որդուց: Եվ իմ պատրաստած հարցերից ոչինչ չմնաց:
– Այստեղ Նարեկիս ստեղծագործություններն են. նա չէր ցուցադրում իր գործերը: Ե՛ս չեմ ասում, ուրիշնե՛րն են ասում` ինքը շատ տաղանդավոր էր: Նրա կեսը զինվոր էր, կեսը` արվեստագետ, արտիստ: Այստեղ անընդհատ իր հոգու հետ եմ, նրան ամենուր եմ փնտրում: Եթե վստահ լինեի, որ կմեռնեմ, այս փնտրտուքը կվերջանա` կմեռնեի: Բայց ասում են` չի կարելի ինքնասպանություն գործել. մեղք է: Այն, որ որդուս պիտի հանդիպեմ, չեմ կասկածում: Մի հրաշալի բարեկամ ունեմ` հայր Արշավիրը: Նրան ասում եմ` ճապաղվել եմ հավատի ու անհավատության մեջ: Աստծո որոնումների մեջ եմ:
– Դուք Հայ օգնության միությունում աշխատելու ընթացքում շատ եք հանդիպել որդեկորույս մայրերի ու, այդուհանդերձ, նրանց համար միշտ սփոփանքի խոսքեր եք գտել…
– Որդեկորույս մայրերի հետ զրուցելիս` մխիթարել եմ, սփոփել: Հիմա ծիծաղելի եմ համարում այդ բառերը… Ոչինչ մխիթարիչ չէ, հատկապես այն կանանց համար, որոնց զավակները թոռներ չեն թողել: Նրանք ընդհանրապես մխիթարման ենթակա չեն: Թվում է` ճապուկ լեզու ունեմ, պերճ բառեր, հոգեբանություն եմ հասկանում: Այնքա՜ն ծիծաղելի է: Ընդամենը հինգ րոպե պիտի լսեիր նրանց. նրանք պետք է պատմեին իրենց զավակների մասին, պատմեին, թե որքան իրենց զավակները նման չէին մյուսներին, ինչ հրաշալի տղաներ էին: Ու դու պիտի լուռ լսես: Սա է մխիթարությունը. այլ մխիթարություն չկա:
– Մահից առաջ շատերն են վստահեցնում, թե իրենց կանչում են իրենց ծնողները: Թեև իռացիոնալ միտք է, սակայն հիմա մտածում եմ` գուցե մահն այնքան սարսափելի բան չէ՞. ի վերջո, ծնողն իր զավակին սարսափելի տեղ չի կանչի:
– Ես հիմա մի վիճակում եմ, երբ չեն մխիթարվում` ասելով. «Հող էիր, հող դարձար»: Ես գիտեմ` վիշտը հոտ ունի, ու չեմ կարող ձագերիս (թոռնիկներիս) վշտի մեջ պահել` մեծը շուտով 15 տարեկան է դառնում, փոքրը շուտով ինը կդառնա: Չեմ կարող նրանց ժպիտով չընդունել. նրանք իրենց կյանքի ժամանակի մեջ են:
– Կյանքի տարբեր փուլերում բոլորս սկսում ենք որոնել այն բանաձևը, որը կօգնի դուրս գալ անելանելի վիճակից: Այդ առումով ինձ համար, օրինակ, շրջադարձային եղավ Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»: Դուք գրող եք: Նման պարտավորություն Ձեր ընթերցողների հանդեպ չե՞ք զգում: Ի վերջո, Ձեր խոսքը ևս կարող է ինչ-որ մեկի համար փրկօղակ լինել:
– Գուցե այդպես է: Ես այնքան մեծամիտ չեմ, ինչպես երևում է երբեմն: Երբ ինձ ասում են, որ ես տաղանդավոր եմ, միշտ հումորով եմ ընդունում: Եթե նկատում եք, ինքս ավելորդ ակտիվությամբ չեմ ներկայացնում իմ գործերը, թեև դրանք անարժան գործեր չեն: Միշտ մտածել եմ, որ կարելի է սեփական չափն իմանալ: Այս բոլորը, սակայն, ոչ մի կապ չունի բնազդի հետ: Իմ արցունքները դեպի ներս են հոսում: Երբ ասում ես` գրող, պատկերացնում ես, որ նա մեծ ֆանտազիա ունի, սակայն կան իրավիճակներ, որտեղ խոսքերն անզոր են:
– Գրականության (գիտության, գեղանկարչության, երաժշտությանգ) ոլորտում կանայք, որպես կանոն, հաջողություն չեն ունենում: Եվ սա օրինաչափություն է: Ցվետաևան, Ախմատովան ավելի շուտ բացառություն են: Պատճառները շատ են: Պատճառներից մեկն էլ, թերևս, այն է, որ կանայք և տղամարդիկ իրենց բնությամբ լրիվ ա՞յլ կերպ են արձագանքում միևնույն երևույթին:
– Եվ ինչպե՞ս մահացավ մեծն Ցվետաևան: Վերջ տվեց կյանքին:
– Նա ինքնասպան եղավ` զավակին հանձնելով այլոց խնամակալությանը, գտնելով, որ նա իր հետ ավելի վտանգված է, քան առանց իրեն: Այդուհանդերձ, տղամարդիկ զավակի (անգամ` զավակների) կորուստից հետո շարունակում են հաջողությամբ ստեղծագործել: Կանանց դեպքում ամեն բան այլ է…
– Դե հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ աշխարհում, առանց այդ «այլ»-ի: Այս աշխարհը դժոխք կդառնար: Եվ ես, որ թվում է` շատ ազգային նկարագիր ունեմ, աշխարհի ոչ մի կնոջ, այդ թվում` ոչ մի թուրք կնոջ, ցավ չեմ ցանկանում: Մարիամ Աստվածածնի կերպարն այս աշխարհում հենց այնպես չէ:
– Թեև մի առիթով նկատել եք, թե ցանկանում եք, որ Հայաստանում տղամարդկանց իշխանություն լինի, և, որ այդ տղամարդկանց վրայից էլ վառոդի հոտ գա:
– Ես հայրիշխանության կողմնակից եմ: Բոլոր այն երկրները, որոնք հաղթած են, հզոր են, հաղթած տղամարդու ետևում միշտ կին կա կանգնած: Մենք ունենք տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի: Այդ կանանց ներկայությունը շատ ճակատագրական է եղել մեզ համար: Մեր ազգային զարթոնքի ժամանակ եթե կանայք չպահեին` ի՞նչ կլիներ: Մեր կանայք չեղած տեղը պահեցին երկիրը: Պատկերացնո՞ւմ եք, ինչ սոված բունտեր կարող էին անել հայ կանայք: Կարող էին, չէ՞, դատարկ կաթսաներով դուրս գալ փողոց:
– Չե՞ք կարծում, որ կանայք բոլորն էլ միմյանց նման են` անկախ ազգությունից: Ինչո՞ւ եք առանձնացնում հայ կանանց:
– Շա՛տ համբերատար են: Սարսափելի՛ համբերատար. երկիրը պահելու հարցում հայ կանայք բանակի պես հուսալի ու ամուր են: Այդ համբերատարությունը երբեմն ի վնաս մեզ է: Թեև մեր համբերատարությամբ երբեմն տղամարդկանց սովորեցնում ենք անկյալության: Ֆրանսուհին, օրինակ, անվերջ չի կարող համբերել: Նրանք սովոր են, որ իրենց տղամարդիկ պիտի հոգան այս ու այս հարցերը:
– Ինձ թվում է` հայ կանայք ևս դեմ չեն, որ տղամարդիկ հոգան այս ու այս հարցերը:
– Բայց հայ կինը դիմանում է: Ֆրանսուհին չէր դիմանա:
– Եվ ո՞վ է, ի վերջո, ճիշտ:
– Այսօրվա Եվրոպային նայելով` մտածում եմ, այնուամենայնիվ, մենք ավելի լավն ենք:
– Իսկ ինչո՞ւ անսահման համբերությամբ հպարտանանք: Չհամբերելը ստեղծում է իրավիճակը փոխելու անհրաժեշտություն: Ֆրանսուհին չի հանդուրժում, և տղամարդը փոխում է իրավիճակը: Մենք հանդուրժում ենք, ու ոչինչ չի փոխվում:
– Կարծում ես` մենք չե՞նք ուզում ավելի լավ երկիր ունենալ: Ինչպես ասում են` «Կար, չկերա՞նք»։ Տես` պատմական ինչ իրողության պայմաններում ենք: Ապաշնորհ չենք: Այսօր գրեթե անկլավային պետություն ենք, որը պահում ենք այնպես, որ ոչ մի եվրոպացի ի վիճակի չէր դիմակայելու: Որքան էլ ասում ենք` արտագաղթ, սակայն լավագույններն այս երկրում մնացողներն են: Այսօր այս հողը պահում ենք` տրամաբանությունից դուրս: Այդպես ստեղծվեց Առաջին Հանրապետությունը` տրամաբանությունից դուրս: Արցախում հաղթանակ ունեցանք` տրամաբանությունից դուրս:
– Դուք բազմաթիվ պատմական իրադարձությունների մասնակից, ականատես եք եղել: Հուշեր գրելու ցանկություն չունե՞ք:
– Հաճախ եմ մտածում այդ մասին, սակայն երբ սկսում ես կասկածել` կկարողանա՞ս, թե՞ չէ, չպիտի թեման փչացնես: Հուշերս շատ են, սակայն դրանց վաղեմության ժամկետը երբեմն, ինչպես ասում են, դեռ չի անցել: Եվ ես դեռ վախենում եմ այդ թեմայով սկսել գրել:
– Սկսել եք գրել Ֆեյսբուքում: Թուղթուգրիչին վարժված մարդու համար բարդ չէ՞ անցնել համակարգչային գրառումների ժանրին:
– Բարդ է: Բայց ես հիմա, ինչպես ասում են, սիրտ չունեմ գրասեղանի շուրջ նստելու: «Ռեքվիեմ» շարք ունեմ. ցանկանում եմ տպել ու որդեկորույս մայրերին նվիրել: Մի քանի ստուգողական կտորներ դրեցի ՖԲ-ում, սակայն արձագանքը շատ զգայուն էր: Հասկացա` մարդկանց ո՛չ աչքն է չորացել, ո՛չ սիրտը: Նարեկիս կինը` Աննան, ամեն ինչ անում է, որ գրեմ, սակայն դեռ պատրաստ չեմ: Բայց ինչպես Կալիգուլային 39 տեղից խոցում են, նա ասում է. «Ես դեռ կենդանի եմ», հիմա ես էլ եմ ուզում ասել` դեռ կենդանի եմ: Գիտեք, մանկությունս դժոխքով է անցել: Ես տան ամենափոքրն էի, ու դեռ իմ կերած քուսպի համը հիշում եմ: Սովահար էինք: Ուրիշներն իրենց մոր կաթով են մեծացել, մենք մեր մոր արյունն էլ ենք կերել:
– Ներեցեք, ինչպե՞ս:
– Նա 8 տարի դոնորությամբ է պահել մեզ: Փողով արյուն էր վաճառում: Հայրս աքսորված էր. նա անցել է ԳՈՒԼԱԳ-ի ողջ սարսափներով: Եվ ես պիտի լինեի ամենակատաղի ռուսատյացներից մեկը: Շատ բարձր եմ գնահատում ռուսների մշակույթը, բայց չեմ ընկալում ստրկամտորեն դեպի Մաքսային միություն գնալը, սակայն ընտրությունը վատի ու վատթարագույնի մեջ է:
– Վատը Ռուսաստանն է, վատթարագույնը` Եվրոպա՞ն:
– Ռուսաստանը վատ է, Եվրոպան` վատթարագույն: Այն, ինչ այսօր անում է դատարկ, մեռնող Եվրոպան… Մարսելում ես մի ֆրանսիացի չտեսա: Փարիզում էլ արդեն չեք տեսնի: Իսլամական աշխարհ է դառնում Եվրոպան: Եվ ի՞նչ ենք որոնում այնտեղ:
– Տիկին Պետրոսյան, սա երկար բանավեճի նյութ է: Ձեր թույլտվությամբ` քաղաքականության թեման շրջանցենք: Որպես գրականության մարդ` ափսոսո՞ւմ եք, որ վերանում է այնպիսի կարևոր ժանրը, որպիսին նամակագրությունն է:
– Պատկերացնում եք, չէ՞, ինչ կլիներ, եթե չունենային Թոմաս Մանի, մյուսների նամակները… Մի պատմվածք ունեմ. ամուսինը խանդում է կնոջը (շատ երիտասարդ էի, երբ գրեցի սա): Ամուսինն ասում է կնոջը. «Սիրելի՛ս, սիրուհի լինելու համար անտուրաժ է պետք` մետաքսե գիշերանոց», և այլն, և այլն: Այսինքն` սիրուհու կարգավիճակը որոշակի ատրիբուտիկա է ենթադրում: Հիմա` էպիստոլյար ժանրի համար անհրաժեշտ միջավայր է պետք, և այդ միջավայրը հիմա, հավատացեք, աշխարհում չկա: Նամակագրությունը մտահայեցողական վիճակ է` մենախոսության կամ երկխոսության: Իսկ հիմա աղմուկի ժամանակ է:
– Ձեր բանաստեղծություններից մեկը սկսում եք այսպես. «Ուզում եմ դարակազմիկ բան ասել, Սակայն ամեն ինչ այնքան պարզ է…»:
– Ես այս երկրի ամենապարտված արարածներից մեկն եմ, որովհետև իմ ձագին եմ կորցրել, բայց հսկայական կայսրության մեջ միակ կորուսյալ այս երկիրն է, որը ողնաշարն ուղիղ` մտավ 3-րդ հազարամյակ: Հայրս ` Բարդուղ Պետրոսյանը, պատկառելի, տիրական մարդ էր, նրա հետ երբեք «դու»-ով չենք խոսել: Նա անցել էր դժոխքով` ԳՈՒԼԱԳ-ով, ու այն, ինչ ավելի ուշ կարդում էի Սոլժենիցինի գործերում, ինձ, ցավոք, մանրամասնորեն ծանոթ էր:
Հայրս պատմում էր, որ այն մենախցում, ուր իրեն հաճախ պահում էին, ողջ պատին մարդու ուղեղի հետքեր էին: Սակայն նրա մեջ ոչ մի չարություն չկար: Ու մահից մի օր առաջ ասաց. «Այս երկիրը 30 տարի խաղաղություն չի տեսել, ակադեմիա ենք բացել, այսքան երեխա է ծնվել»: Ու նաև ասաց. «Եթե թուրքը գա, ես հողի տակից դուրս կգամ, եթե անգամ յոթ թիզ խոտ լինի բուսած»: Դա երկիրը կարևորելու այնպիսի օրինակ էր ինձ համար:
Հասկանում եմ, հիմա այլ ժամանակներ են: Մի պատմություն կա. Ռաֆայել Արամյանն ու Վիլիկ Մաթևոսյանը մի օր մտել են Մարտիրոս Սարյանի արվեստանոց ու տեսել, որ Վարպետը հարվածում է կտավին, կռվում է: Հարցնում եմ. «Վարպետ, ի՞նչ է պատահել»: Պատասխանում է. «Հեթում թագավորն ասում էր` հանուն թագավորի, հանուն ժողովրդի` Թորո՛ս, ծաղկիր, Թորոս Ռոսլինն էլ ծաղկում էր, հրաշքներ էր գործում: Ի՞նձ ով պիտի ասի, սրա՞նք պիտի ասեն` հանուն թագավորի, հանուն ժողովրդի»: Ես բան գիտեմ, այս երկրից, այս հողից նեղանալ չի կարելի…