Բաժիններ՝

Թուրքիան 600 միլիոն դոլարով տուգանել է Boeing ընկերությանը՝ «թռչող ռադարների» մատակարարումն ուշացնելու համար

Jane’s-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Boeing ավիաշինական կոնցեռնը Թուրքիայի պաշտպանության նախարարությանը վճարելու է 600 միլիոն դոլարի տուգանք՝ AWACS (B737 Peace Eagle) հետախուզական ինքնաթիռների մատակարարումը զգալիորեն ուշացնելու համար:

Թուրքիան 2000 թվականին գնած 4 AWACS-ները պետք է ստանար դեռևս 2007 թվականին: Գործարքը կազմել էր 1.5 միլիարդ դոլար: Պայմանագրի համաձայն, աշխատանքների մի մասը (500 միլիոն դոլար) պետք է իրականացնեին թուրքական Turkish Aerospace Industries, Aselsan, Haselsan և Mikes ընկերությունները:

Թուրքիան առաջին «թռչող ռադարը» ստացել է այս տարվա հունվարին, պլանավորված է այն զինված ուժերի տրամադրության տակ դնել փետրվարի 21-ին: Ինքնաթիռների մատակարարման 7-ամյա ձգձգումը կապված է եղել դրանց հավաքման ու փորձարկման ժամանակ ծագած տեխնիկական անսարքությունների հետ:

Մասնավորապես, Boeing-ը խնդիրներ էր ունեցել ռադիոտեղորոշիչ կայանը և ռազմական սպառազինության մյուս համակարգերը միասնական հարթակում ինտեգրելու ժամանակ: Ակնկալվում է, որ Թուրքիան երկրորդ AWACS-ը կստանա ընթացիկ տարվա կեսին՝ թռիչքային փորձարկումների ավարտից անց:

Ինքնաթիռների արտադրությունն իրականացվում է թուրքական ընկերությունների հետ գործընկերությամբ, ինչի համար էլ բարդ է պարզել մատակարարման ձգձգման հարցում ամերիկյան կոնցեռնի պատասխանատվության աստիճանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս