Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան ռազմանավերը մտել են Սև ծով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչներն ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբը հաստատել են, որ ամերիկյան «Մաունթի Ուիթնի» և «Թեյլոր» ռազմանավերը երեկ մուտք են գործել Սև ծով:
Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերը կմտնեն օտար մի շարք նավահանգիստներ և կանցկացնեն իրենց անձնակազմերի ուսումնական վարժանքներ: Ռուսաստանի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ պլանավորված չէ ամերիկյան ռազմանավերի մուտքը Ռուսաստանի տարածքային ջրեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր ռազմա-դիվանագիտական աղբյուրը, հայտնել էր, որ ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի USS Ramage հրթիռակիր էսկադրոնային ականակիրն ու Mount Whitney հրամանատարական նավը մուտք են գործել Սև ծով:
Հունվարին Պենտագոնը պատրաստակամություն էր հայտնել օգնել Ռուսաստանին՝ Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում: Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերը մեկնարկելու են վաղը: