
Ամերիկյան ռազմանավերը մտել են Սև ծով. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի USS Ramage հրթիռակիր էսկադրոնային ականակիրն ու Mount Whitney հրամանատարական նավը մուտք են գործել Սև ծով: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա ռազմա-դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ ռազմանավերը, Թուրքիայի հետ պայմանավորվածության համաձայն, ոչ վաղ անցյալում անցել են Սև և Միջերկրական ծովերը միմյանցից բաժանող Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներով և մուտք են գործել Սև ծով: Այդ նավերի վրա գտնվում է ավելի քան 600 ծովային հետևակային:
Աղբյուրի խոսքերով՝ ամերիկյան ռազմանավերը դեռ չեն դիմել ռուսական կողմին՝ Ռուսաստանի տարածքային ջրեր մուտք գործելու համար: Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 7-23-ին:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ իր ռազմանավերը մոտեցնել Սոչիին: