Միջազգային ճգնաժամային խումբը մտավախություն ունի, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել է հակամարտային գոտիներում առկա իրավիճակի վերաբերյալ իր հերթական տարեկան հաշվետվությունը:
Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիան՝ ICG-ը Ադրբեջանը ներառել է այն երկրների ցանկում, որոնցում առկա է պատերազմի վերսկսման ռիսկ: Հաշվետվությունում նշված է, որ հունվարի 20-ին շփման գծի տարբեր հատվածներում սկսվել են «հանկարծակի ու լուրջ» բախումներ:
Հակամարտող կողմերն իրավիճակի թեժացման համար մեղադրում են միմյանց, բարձրաստիճան անձինք ու ԶԼՄ-ները վերադարձ են կատարել թշնամական հռետորիկային: Սկսված բախումների պատճառն անհայտ է, սակայն հայկական կողմը վստահեցնում է, որ ադրբեջանցի զինվորները փորձել են հատել շփման գիծը, և սկսված փոխհրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող:
Հունվարի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց շփման գծի երկայնքով մարտական ինքնաթիռների թռիչքների սկսման մասին: Նույն օրը «հայտարարվեց» հայկական կողմի դիվերսիայի խափանման մասին, ինչի հետևանքով սպանվեց ադրբեջանական բանակի կապիտան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո մտահոգություն հայտնեցին շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ արեցին զերծ մնալ ռազմական գործողություններից: