ԼՂՀ ՊԲ. Հունվարի 20-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվեց նաև անցնող 7 օրերի ընթացքում:
Բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա:
Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:
Հունվարի 20-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված երկու հետախուզադիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3000 դեպքերի արդյունքում Պաշտպանության բանակը կրել է երկու կորուստ:
Նույն ժամանակահատվածում իր իսկ կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր և որոշ քանակությամբ հատուկ նշանակության սպառազինություն:
Չնայած առաջնային գծում լարվածության պահպանմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերին, այդուհանդերձ արձանագրված փաստերից կարելի է եզրակացնել, որ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը շարունակում են հանդես գալ թելադրողի դերում և հարկ եղած դեպքում իրենց կամքը պարտադրել հակառակորդին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն