Պատգամավորները՝ ՀՀ-ի հանքային ռեսուրսները ՌԴ-ին վաճառելու մասին
Ռուսաստանի Դաշնությունը Մաքսային միության շրջանակներում հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանքային ռեսուրսների նկատմամբ: ՀՀ Ազգային ժողովում «Խորհրդարանական չափում և Եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի առաջին նիստի ժամանակ Եվրասիական գործադիր խորհրդի ադմինիստրատիվ-ֆինանսական գծով տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը հայտարարել էր, թե «ռուսական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի հանքային ռեսուրսների զարգացմամբ, գունավոր մետաղների և մոլիբդենի հետ աշխատանքով»: Նա նշել է, թե համագործակցելով ռուսական ընկերությունների հետ, նրանք կարող են մշակման ծավալը երկու անգամ մեծացնել:
Անդրադառնալով այս հայտարարությանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե որքան շատ մարդիկ հետաքրքրված լինեն Հայաստանի հանքային ռեսուրսներով, այնքան մրցակցությունը և գործընթացների թափանցիկություն կբարձրանան:
«Կարևորը բիզնես իրականացնողների ծրագրերն են: Այնպես չէ, որ եթե մենք չենք ուզում Մաքսային, ուրեմն մենք դեմ ենք, որ ռուսաստանյան ինվեստորներ գան: Եթե հետաքրքրված են, թող բանակցեն այն հանքատերերի հետ, և, եթե կլինի լավ բիզնես առաջարկ, որը նաև կնպաստի մեր սոցիալական հարցերի լուծմանը, ներդրումները կհանգեցնեն աշխատատեղրի ստեղծմանը, ինչը դրական է մեզ համար»,- ասաց Ա. Արզումանյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նույն հարցի առնչությամբ ասաց, որ եթե ռուսական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հանքերը վերամշակվեն, ապա դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
«Այս պահին դժվար է պնդել` լա՞վ է դա, թե՞ վատ. ամեն ինչ կախված է մանրամասներից, թե հատկապես ո՞ր ոլորտների մասին է խոսքը գնում, և դա ի՞նչ շղթայական, տնտեսական գործընթաց է ենթադրում: Եթե ռուսական ընկերությունները սկսեն վերագործարկել, աշխատել, ապա դա, միանշանակ, օգտակար կարող է լինել մեզ համար: Իսկ եթե խոսքն ընդամենը գնում է հանքահումքային ապրանքները որպես խտանյութ օգտագործելու մասին` որևէ էական լուծում դա մեզ տալ չի կարող:
Այսօր էլ խտանյութն իրացվում է Եվրոպայում, հիմա վաղն էլ եթե իրացվի Ռուսաստանում, դրանից Հայաստանի տնտեսությունը չի շահի, չի շահում»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:
ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ նկատեց, որ, եթե ամեն ինչ կատարվի օրինական դաշտում, դրա արդյունքում չաղտոտվի շրջակա միջավայրը, ինքը դրական կհամարի համագործակցությունը:
«Եթե օրենք ունենանք, և այդ օրենքի շրջանակներում կատարվի հանքային շահագործում, օրենքի տառին համապատասխան, որ հանքը աշխատի, չվնասի էկոհամակարգին, բնությանը, տեղի բնակչությանը, չաղտոտի, շրջապատին չխանգարի, մարդու առողջության համար վնասակար չլինի, չնպաստի, որ հողերն էռոզիայի ենթարկվեն, ապա այդտեղ խնդիր չեմ տեսնում:
Մինչև այսօր բոլոր հանքերը շահագործվում են ապօրինի, առանց օրենքները պահպանելու: Պետք է կատարվի ուսումնասիրություն, տրվի թույլատվություն, և, եթե համապատասխանեն օրենքներին, խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա:
Հանքային ռեսուրսների հնարավոր վաճառքի մասին Լյովա Խաչատրյանը հորդորեց անգամ չմտածել` հիշեցնելով, որ, ըստ օրենքի, ընդերքը կարող է տրվել միայն շահագործման և ոչ թե` վաճառվել:
«Դա հնարավոր չէ, բայց պետք է շահագործել օրենքին համապատասխան: Մինչև այսօր հակառակն է արվում. ոչ մի ուսումնասիրություն անգամ չկա, կատարվում են ինչ-որ ձևական քննարկումներ, մարդկանց իրական խնդիրները չեն լսում, քննարկումների արդյունքները, եթե որևէ մասնագետ իր մտահոգությունն է հայտնում, ոչ մեկին դա չի հետաքրքրում»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:



