«Թեքահարթակների կառուցում» ծրագրի հասցեների մինչմրցութային ցուցակը ներկայացվելու է քաղաքապետին
Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նիստի օրակարգային հարցը վերաբերել է 2014 թվականին Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման մինչմրցութային հարցերի հաստատմանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Նախորդ տարի Երևանի քաղաքապետի ներկայացմամբ Երևանի ավագանին հաստատեց բյուջե, որտեղ 20 մլն դրամ հատկացված էր մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը։ 2014 թվականի արդեն հաստատված բյուջում, դարձյալ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, 40 մլն դրամ է հատկացված ծրագրին։ Վստահ եմ, որ քաղաքապետարանի այս մոտեցումը շարունակական է լինելու, և արդյունքը տարեցտարի ավելի ակնառու կլինի»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է մի քանի մշտադիտարկումների ու քննարկումների արդյունքում ձևավորված ցուցակը, որն ընդգրկում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այն փողոցների մայթերի ու շինությունների 175 հասցեները, որտեղ 2014 թվականին թեքահարթակներ են կառուցվելու։
Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն հաստատել են մինչմրցութային նախնական ցուցակը քաղաքապետին ներկայացնելու առաջարկը։