«Մոսկվային ասում են՝ Սերժ Սարգսյանին հանի, մեզ նշանակի». Դավիթ Շահնազարյան

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հայտարարել էր, որ Հայաստանում մայդանի չկայացման պատճառներից մեկը «հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արևմուտքից»: 168.am-ի հարցին, թե համաձա՞յն է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ ՀՀ-ում մայդանի կայացման դեպքում էլ Եվրոպան, ինչպես 2008-ին, Հայաստանի կողքին չի կանգնի, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ես Մայդանի վերաբերյալ իմ գնահատակնները տվել եմ: Մայդանում իշխանության հարց չէ, արժեհամակարգի ընտրության հարց է՝ դեպի ազատ Եվրոպա, այլ ոչ թե դեպի Ռուսական կայսրություն»: Հարցին, թե ի՞նչ տպավորություն ունեք Տեր-Պետրոսյանի ելույթից, նա պատասխանեց. «Ես վաղուց իմ գնահատականները տվել եմ և չէի ուզի անդրադառնալ ՀԱԿ կուսակցության նախագահի այդ գնահատականներին, որոնք այդ կուսակցության գնահատականներն են: Եթե մենք հրաժարվում ենք, որ մենք պետություն ենք, հրաժարվում ենք այն խնդիրներից, որոնք դրված են եղել ժողովրդի կողմից՝ ընտրված իշխանության ձևավորում, որ ոչ թե պետություն ենք, այլ համայնք, գուցե նման գնահատականնեը դառնային քննարկման առարկա: Այսօր դավադրություն է բոլոր այդ ուժերի կողմից, որ Սահմանադրությունը բռնաբարվում է ուղղակի: Նույն իրավիճակն է, ինչպես 98 թվականին: Որևէ մեկն այն ժամանակ չէր ուզում խոսել, որ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվում է ՀՀ նախագահի թեկնածու՝ խախտելով Սահմանադրությունը: Ու արդյունքը մենք տեսանք ինչ եղավ: Արդյունքում մենք կորցրինք մեր տնտեսական անկախությունը և դրա տրամաբանական շարունակությունը կատարեց Սերժ Սարգսյանը: Այ այդ դավադրությունը տեղի է ունենում հիմա նաև»: Նա նշեց, թե Հայաստանում իշխանափոխություն կլինի, եթե Մոսկվան ցանկանա՝ նշելով. «Հայաստանի իշխանությունները, ԱԺ խմբակցությունները, բացի մի քանի պատգամավորներից, վաղուց բոլորը ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը հանձնել են Մոսկվային: Դա Մոսկվան է որոշելու: Եվ բոլոր այս գործողությունները, որ անում են, ըստ էության ուղղված են սրան՝ Մոսկվային ասում են՝ Սերժ Սարգսյանին հանի, մեզ նշանակի: Նրանք ընդունել են, որ Մոսկվան Հայաստանում պետք է ձևավորի իշխանություն: Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այսպես շարունակվի, խորհրդարանի կազմն է ձևավորելու Մոսկվան»:

Տեսանյութեր

Լրահոս