Հյուսիսային Իրաքի հետ էներգետիկ ոլորտի մեր բոլոր հարցերը պետք է համաձայնեցնել Բաղդադի հետ. Թաներ Յըլդըզ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից Թուրքիա նավթի մատակարարումները կմեկնարկեն անհրաժեշտ բոլոր փորձարկումներից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան ողջունում է նավթի մատակարարումների շուրջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ պայմանավորվելը, սակայն տվյալ հարցով յուրաքանչյուր գործողություն պետք է համաձայնեցնել Բաղդադի հետ. «Կարծում եմ, որ տվյալ նախագիծը հնարավորություն կտա բարելավել Իրաքի տնտեսական վիճակն ու բարձրացնել երկրի բարօրությունը»:

Յըլդըզն ընդգծել է, որ նավթի մատակարարումների համար Հյուսիսային Իրաքից Թուրքիա կառուցվելու է նոր նավթամուղ, և որ Անկարան պատրաստ է գնել իրաքյան ողջ նավթը, որն այդ երկիրը պատրաստվում է արտահանել դեպի համաշխարհային շուկաներ:

Նշվում է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պլանավորել է 2016 թվականի վերջից գազ արտահանել Թուրքիա՝ տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր ծավալով: Նշվել էր նաև, որ «քրդական գազի» գինը լինելու է ռուսական գազի գնից կրկնակի պակաս:

Տեսանյութեր

Լրահոս