Հայաստանում այսօր ստեղծվեց նոր քաղաքական իրավիճակ. ԲՀԿ-ական պատգամավոր
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանում այսօր ստեղծվեց նոր քաղաքական իրավիճակ։ Ակնհայտ է, որ 2014 թվականը լինելու է հասարակական պայքարի և հասարակական կոնսոլիդացիայի վերածնունդ։
Նման գործելաոճով իշխող մեծամասնությունը ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմիններում չի կարող շարունակել իր մենաշնորհային պահվածքը։ Այսօր ևս մեկ անգամ հաստատվեց, որ Հայաստանը դարձել է մեկ կուսակցության պետություն, և այդ կուսակցությունը տանում է երկիրը դեպի անդունդ։ Այսօրվա բաց և տխրահռչակ «քվեարկությունը» ևս մեկ անգամ հօդս ցնդեցրեց այն հույսերը, որոնք որոշ լավատես քաղաքացիներ կապում էին ԱԺ քաղաքական մեծամասնության հետ։ Իրադարձությունների նման զարգացումը առաջիկայում կհանգեցնի նրան, որ իշխող մեծամասնությունը ավելի ու ավելի կմեկուսացվի ու վերջում միայնակ կմնա բարիկադների հակառակ կողմում։
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօրվա քվեարկության ընթացքում խախտվել է ԱԺ կանոնակարգը, ինչի մասին չորս ոչ իշխանական խմբակցությունները արդեն հայտարարություն են տարածել»։