2013 թվականին Վրաստանը ԵՄ-ից ստացել է ավելի քան 100 միլիոն եվրո՝ բարեփոխումները շարունակելու համար
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանը բարեփոխումները շարունակելու համար 2013 թվականին ԵՄ-ից ստացել է ավելի քան 100 միլիոն եվրո.
«Վրաստանի նոր իշխանությունները շարունակել են բարեփոխումները, ժողովրդավարական ու ազատ իրավիճակում անցկացրել են նախագահական ընտրություններ, ինչը շատ կարևոր էր երկրի համար: ԵՄ-ից օգնության տեսքով ստացված ավելի քան 100 միլիոն եվրոն ուղղվել է երկրում կոնկրետ բարեփոխումների իրագործմանը:
Վիլնյուսի գագաթաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը դարձավ պատմական գործընթացի սկիզբը, որը վերջին հաշվով հանգեցնելու է ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը: Դա տևական, բարդ և աշխատատար գործընթաց է, սակայն դա Վրաստանի բնակչության ճնշող մասի երազանքն է»:
Պետրիաշվիլին հավելել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը պետք է տեղի ունենա 2014 թվականի սեպտեմբերից ոչ ուշ: