Վովա Գասպարյանը պաշտոնը ստանձնեց աղոթքով, մեսիայի կերպարով, բայց…
«Իհարկե, դատական համակարգը իրոք աղետալի վիճակում է, բայց ես այս տարի առաջին տեղում կդնեի ոստիկանությանը: Երբ Վովա Գասպարյանը ստանձնեց պաշտոնը, աղոթքով, մեսիայի կերպարով փորձեց հանդես գալ հանրության առաջ, բայց իրականում մենք ականատես եղանք բազմաթիվ բռնի դեպքերի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Ժաննա Ալեքսանյանը նշել է, որ բանակում մահվան գործերով դատապարտվողները ոչ թե սպաներն են, այլ հիմնականում շարքայինները, որոնց մեծ մասը ծանր սոցիալական պայմաններով ընտանիքներից է: Իսկ սպաները նման դեպքերից հետո հաճախ պարզապես ծառայության են տեղափոխվում այլ զորամաս:
«Այն, թե Քննչական ծառայությունը ինչպես է կատարում նախաքննություն, ուղղակի սարսափելի է: Վկաներին ամիսներով Ռազմական ոստիկանությունում պահում են անազատության մեջ: Երբ վկան դատարանում հայտարարում է, որ ճնշումներ են եղել, մեղադրողը հենց դատարանում կարող է սպառնալ վկային: Ունենք նման դեպք: Դատարանը չի արձագանքում բոլորովին»,- դժգոհել է Ալեքսանյանը: