ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարեսկզբին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հուսով են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2014 թվականի սկզբին:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, Վիեննայում: Ուորլիքը հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որ նախագահների հանդիպումները շարունակություն ստանան, և որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա հաջորդ տարեսկզբին:

Ուորլիքի խոսքերով՝ դեռ հայտնի չէ այդ հանդիպման անցկացման ստույգ ժամկետն ու վայրը, սակայն երկու երկրների արտգործնախարարնները քննարկում են այդ հարցը, և որ իրենք հուսով են, որ շատ շուտով պարզություն կմտցվի այդ հարցում:

Ուորլիքը դրական արդյունքներ է նկատել երկխոսության վերականգնումից հետո, ինչը մասնավորապես վերաբերում է շփման գծի միջադեպերի ու մահացության դեպքերի քանակի կրճատմանը:

Ամերիկացի համանախագահն ուշադրություն է հրավիրել նրա, որ փոփոխության է ենթարկվել նաև երկու երկրների ղեկավարների ռազմաշունչ հռետորիկան, և որ այդ ամենը շատ կարևոր է երկխոսության վերսկսման, կորուստների կրճատման ու լարվածության նվազեցման համար:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի հնարավոր դերակատարությանը՝ Ուորլիքը չի բացառել, որ ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր խաղալ այդ հարցում: Ուորլիքի խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համընկնում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը:

Տեսանյութեր

Լրահոս