Մի օր կարելի է ԱԺ-ում Armcomedy live անել, շատ լավ կանցնի` 131 հոգի են… (տեսանյութ, լուսանկարներ)

Հարցազրույց երգիծական Armcomedy հաղորդման տղաների` Սերգեյ Սարգսյանի, Նարեկ Մարգարյանի և Մհեր Խաչատրյանի հետ

– Երեք օր շարունակ Երևանում «Մոսկվայի տանը» դուք ելույթ ունեցաք հանդիսատեսի համար: Ի՞նչ տպավորություններ ունեք live համերգից: Ինչո՞վ էր տարբերվում կենդանի ելույթը ստուդիայում ունեցած ձեր նկարահանումներից: 

Սերգեյ- Ահագին տարբերվում է: Երբ այստեղ (դահլիճում:-Տ.Մ.) կատակ ենք անում, մեկ էլ՝ «հա… հա…» ծիծաղ է գալիս, իսկ երբ ստուդիայում ենք կատակ անում` մաքսիմում օպերատորը կնայի, ինչ-որ ռեակցիա կտա: Իսկ բեմում` բուռն, էմոցիոնալ, ընտանեկան վիճակ էր:

Նարեկ- Ի վերջո, նպատակն այն է, որ հենց դահլիճը լինի ստուդիան, որ լինի կենդանի հանդիսատես, որ ռեակցիաներն ավելի անմիջական լինեն, ինչը շատ ավելի ծիծաղելի կդարձնի հաղորդումը: Բայց դա տեխնիկապես շատ դժվար է անել, դրա համար կսահմանափակվենք նման ելույթներով:

Կարդացեք նաև

Armcomedy04

Սերգեյ- Բայց մի օր կանենք… Շատ բաներ կուտակվում են ընդհանուր թեմաներից ու մի օր հենց այսպես պետք է դուրս գաս ու ասես` ինչն ա նեռվերիդ ազդում ու նման միջոցառումները ստեղծված են դրա համար: Շնորհակալություն այս միջոցառմանը…

– Իսկ բեմ դուրս գալու, կենդանի ելույթ ունենալու գաղափարն ինչպե՞ս ծագեց: Armnews-ի ստուդիան ձեզ այլևս չէ՞ր բավարարում:

Նարեկ: Սա ավելի շուտ է սկսվել, 2007 թվականից մենք կենդանի ելույթներ ունենում էինք, իսկ երբ եկանք հեռուստատեսություն, ֆիզիկապես չէինք հասցնում: Երկու տարի չէինք արել, և սա կարծես վերադարձ էր մեր արմատներին:

– Բեմ դուրս գալուց առաջ ալկոհոլ չե՞ք օգտագործել, որ լարվածությունը հաղթահարեք:

Սերգեյ- Ոչ, որովհետև ղեկին ենք ու կոչ ենք անում բոլորին ղեկին խմած չնստել:

Armcomedy01

Նարեկ- Այն շիշը, որ տեսաք` առաջին օրվանից ոնց բերել էինք, մի գրամ անգամ չպակասեց…

Սերգեյ- Էլ չասենք, որ էդ շշի մեջ ջուր է:

Նարեկ- Չէ, ջուր չի…

Armcomedy05

Ձեր «յուրահատուկ» թղթակից Մհերը ելույթ չունեցավ, ձեզ հետ բեմում չէր: Ճնշումնե՞ր եք կիրառել նրա նկատմամբ:

Նարեկ– Միայն ֆիզիկական:

Սերգեյ- Հա, միայն ֆիզիկական, ուրիշ ոչ մի բան:

– Մհեր, քեզ սպառնացել են Սերգեյն ու Նարեկը, որ դու բեմում ելույթ չունենաս:

Մհեր- Եթե ֆիզիկական ճնշումների մասին է խոսքը, ապա ֆիզիկականին չի հասել: Տղերքը գիտեն` լուրջ պատճառ չկա:

– Չե՞ս ափսոսում, որ ելույթ չունեցար:

Մհեր- Եթե լուրջ պատասխանեմ` ափսոսելու բան չկա, ուղակի ես դեռ չեմ համարում, որ կարող եմ բեմ դուրս գալ: Երբ համարեմ, որ պատրաստ եմ` անպայման դուրս կգամ. իսկ դա կլինի անպայման ու հուսամ՝ մյուս տարի:

Armcomedy6

– Մյուս անգամ է՞լ եք Մհերի վրա ֆիզիկական ճնշում կիրառելու, որ ելույթ չունենա ձեզ հետ:

Սերգեյ- Կտեսնենք… կաշխատենք նվազեցնել ճնշումը գոնե մի 20 տոկոսով:

Armcomedy

– Ե՞րբ է լինելու հաջորդ նման միջոցառումը: Հաջորդ armcomedy live-ին պատրաստվո՞ւմ եք:

Նարեկ- Հենց գրվի: Նման ճնշում մենք մեզ վրա չենք գործածում: Հենց մտքերը հավաքվեն` կանենք:

– Դուք առաջիններից եք, եթե չասենք՝ առաջինը, որ քաղաքական հումորներով հանդես եկաք հեռուստաեթերից: Արդյոք քաղաքական գործիչները, այն մարդիկ, ում դուք անդրադառնում եք, ձեզ չե՞ն ուղղորդում կամ չե՞ն սպառնում, միջամտում, որ այլևս իրենց չանդրադառնաք:

Սերգեյ- Հա, Հայաստանը բարդ տեղ է, պետք է կամաց-կամաց, մի-մի քայլով մարդկանց սովորեցնել քաղաքական հումորին, սովորեցնել` չնեղանալ քննադատությունից և կարծես ստացվում է: Հա, մեկ-մեկ ավելի լավ են ընդունում, մեկ-մեկ՝ ավելի վատ, բայց առայժմ նորմալ է և առանձնապես վտանգներ չկան:

Նարեկ- Այս միջոցառումներին մի քանի քաղաքական գործիչներ էին եկել: Այնպես որ՝ շատ լավ է, որ այս մշակույթը մտավ Հայաստան և ոչ ոքի հումորի համար չեն ճնշի:

– Չէ՞իք կաշկանդվում, որ ձեր պերսոնաժները նստած էին դահլիճում:

Armcomedy02

Նարեկ- Չէ… եթե մարդը գնել է տոմսը, եկել է այս միջոցառմանը, ուրեմն՝ վստահ ենք` լավ հումորի զգացում ունի:

– Անի Զախարյանն էլ եկել էր…

Սերգեյ- Մենք մեր հաղորդման բոլոր պերսոնաժներին էլ շատ սպասում էինք: Ես նույնիսկ զարմացած եմ` ինչո՞ւ Գալուստ Սահակյանը չէր եկել…

Նարեկ- Մի օր կարելի է Ազգային ժողովում նման բան անել, շատ լավ կանցնի` 131 հոգի են…

Սերգեյ- Ի վերջո,  գուցե հավաքվի ամբողջ կազմը` 131 հոգանոց, եթե հետաքրքիր ինչ-որ միջոցառում անենք:

Նարեկ- Բայց տոմսերը թանկ կանենք, որովհետև իրենց աշխատավարձը բարձրացրել է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս