«Վեցյակի» հետ բանակցությունները կասեցնելու վերաբերյալ Իրանի որոշումը վատ նախանշան է. աղբյուր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պատվիրակությունը երեկ որոշել է դադարեցնել Վիեննայում Վեցյակի հետ բանակցությունները: Դա տեղի է ունեցել այն բանից ժամեր անց, ինչ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական մի շարք ընկերությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ:
Գործակալության դիվանագիտական աղբյուրը հայտարարել է, որ դա կարող է վատ նշան հանդիսանալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում: Նրա խոսքերով՝ դա առաջին փորձությունն է բանակցային գործընթացի համար, և որ ոչ ոք չէր էլ կարծում, թե ամեն ինչ հարթ է ընթանալու, սակայն այն, որ նման պայմաններում կխստացվեր պատժամիջոցների ռեժիմը, դա արդեն չափից ավելի է:
Նշվում է, որ Իրանի ու Վեցյակի միջև Վիեննայում փորձագետների մակարդակով բանակցությունները մեկնարկել էին երկուշաբթի: